417.56
6.66
405.91
+31
Եղանակը Երևանում
Հայ
11:08 | 16 Մարտի 2022
Ինչու՞ է ջուրն անհրաժեշտ մարդու օրգանիզմին և օրական որքան ջուր է պետք խմել. պատմում ենք ամեն ինչ ջրի մասին
Ինչու՞ է ջուրն անհրաժեշտ մարդու օրգանիզմին

Գրեթե ամեն օր մենք լսում ենք այն պնդումը, որ օրվա ընթացքում պետք է շատ ջուր խմել: Երբեմն էլ կարծիքներ են հնչում, որ օրական որոշակի քանակությամբ ջուր խմելով՝մենք ավելի առողջ ենք դառնում, ստանում ավելի շատ էներգիա, ինչպես նաև ազատվում ավելորդ կիլոգրամներից։ Վերջապես որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել ամեն օր և ինչպե՞ս հասկանալ, թե որն է անհրաժեշտ նորման: «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանի հետ։

Միրզոյանի խոսքով, ջուրը մարդու օրգանիզմի հիմնական քիմիական կոմպոնենտն է։ Քաշի 50-70%-ը կազմված է ջրից։ Այն արյան պլազմայի հիմքն է, ինչպես նաև մասնակցում է ջերմակարգավորման և նյութափոխանակության բոլոր գործընթացներին։ Ջրի օրական պահանջը կանանց համար 2.7 լիտր է, իսկ տղամարդկանց համար՝ 3.7 լիտր։ Սա վերաբերում է ընդհանուր պահանջվող հեղուկի քանակին, որի մեջ մտնում է ինչպես սովորական ջուրը, այնպես էլ մյուս հեղուկ մթերքներից ստացվող ջրի քանակությունը։

Այս թվերը կախված են օրգանիզմի հեղուկի կորստի քանակից` թոքերով, մեզի միջոցով, քրտինքի միջոցով և այլն։ Տղամարդկանց մարմնի ընդհանուր մակերեսը և մկանային զանգվածն ավելի մեծ է, այդ պատճառով էլ հեղուկի կորուստը ևս շատ է: Առողջ մարդու մոտ օրական մուտքային և ելքային ջրի քանակը հավասարակշռության մեջ է: Ուստի, երբ մարդն իր օրգանիզմից ջուր է կորցնում, արյան պլազմայում գտնվող նյութերը դառնում են չափազանց կենտրոնացված, և օրգանիզմը սկսում է ջրի պակաս զգալ:

пить воду жара



Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել օրգանիզմում ջրի պակասը

Դիետոլոգ-էնդոկրինոլոգը նշեց, որ ջրազրկումը օրգանիզմում ջրի ընդհանուր քանակի դեֆիցիտն է, որն ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով։ Սա տեղի է ունենում, երբ օրգանիզմի ջրի կորուստը գերազանցում է ջրի ընդունմանը, հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության, հիվանդության կամ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով։ Եթե ցանկանում եք խուսափել ջրազրկումից, ապա վերոնշյալ դեպքերում անհրաժեշտ է շատացնել ընդունվող հեղուկի քանակը:

Օրգանիզմում ջրի պակասը կարող է առաջացնել ջրազրկում՝ իրենից բխող բազմաթիվ բարդություններով։ Սա հատկապես վերաբերում է երեխաներին։ Միշտ պետք է ուշադիր լինել, թե երեխան վերջին անգամ երբ է ջուր խմել և որքան։ Թեթև ջրազրկումն առաջացնում է գլխապտույտ, հոգնածություն, տրամադրության անկում։

Արտահայտված ջրազրկման դեպքում էլ ի հայտ է գալիս ծարավի զգացողություն, գլխացավեր, ընդհանուր անհանգստություն, ախորժակի կորուստ, մեզի ծավալի նվազում, հոգնածություն, մինչև անգամ գիտակցության կորուստ։ Ջրազրկման ժամանակ 50 անց մարդկանց մոտ մեծանում է հաճախակի հիվանդանալու հավանականությունը: Այդ պատճառով, հատկապես շոգ եղանակին անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր խմել։

пить воду
Ինչու՞ չկա «օրը 2 լիտր ջուր» նորմա

Ինչպես նշեց Միրզոյանը, օգանիզմին անհրաժեշտ է հեղուկի որոշակի քանակ։ Կանանց դեպքում, ինչպես արդեն նշվեց, դա 2.7լիտրն է, տղամարդկանց համար` 3.7 լիտրը։ Սակայն այս թվերը վերաբերում են ընդհանուր հեղուկի քանակին, ոչ թե միայն ջրին։ Այն մարդիկ, որոնց սննդակարգում գերակշռում են ապուրները, միրգն ու բանջարեղենը, սովորական ջրի պահանջն ավելի քիչ կունենան, քանի որ վերոնշյալ մթերքները մեծ քանակությամբ հեղուկ են պարունակում։

Այն պնդումը, թե օրական ջուր խմելու չափաբաժինը պետք է հարմարեցնել մարմնի զանգվածին, վերաբերում է ընդհանուր պահանջվող հեղուկի քանակությանը, և ոչ միայն սովորական ջրին։ Ջրի օգտագործման հստակ չափաբաժին չկա, այն կախված է տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, թե որքան հաճախ է քրտնում մարդը, եղանակային պայմաններից:

Բազմաթիվ գործոններ կան, որոնցով պայմանվորված է հեղուկի ընդունման չափաբաժինը: Հենց այդ պատճառով էլ չկա ֆիքսված ջրի քանակություն, որ մարդը պետք է խմի, որովհետև ամռանը հեղուկի օգտագործման չափաբաժինը լրիվ այլ է, ձմռանը՝ այլ: Օրինակ 46 կգ քաշ ունեցող մարդն օրվա ընթացքում կարող է խմել մինչև 2-3 լիտր հեղուկ, իսկ 150 կգ քաշ ունեցող մարդը՝ 4-5 լիտր: Այդ «2 լիտրը» պայմանական թիվ է:

вода


Ինչպե՞ս ընտելացնել օրգանիզմը ջուր խմելուն

Փորձագետի խոսքով, եթե մարդը սովոր չէ հաճախ ջուր խմել, ապա կարելի է աչքի առջև միշտ ջուր ունենալ: Քանի որ ծարավի զգացողությունը հաճախ անտեսվում է, այն բթանում է, և հնարավոր է, որ օրգանիզմը չպահանջի ջուր, այսինքն ծարավի զգացողությունը շատ քիչ լինի, այդ պատճառով պետք է օրգանիզմը վարժեցնել ջուր խմելուն:

Միշտ պետք է ջուր խմել, երբ առկա է ծարավի զգացողություն։ Ցուցումը հետևյալն է՝ ըմպել ջուր՝ առաջնորդվելով ծարավի զգացումով, ինչպես նաև ուշադրություն դարձնել մեզի գույնին (այն չպետք է մուգ լինի): Փորկապության, չոր մաշկի, գլխացավերի, տրամադրության անկման դեպքերում փորձագետը խորհուրդ է տալիս լրացուցիչ հեղուկ ընդունել: Այս բոլոր դեպքերում պետք է վարժեցնել օրգանիզմն ավելի շատ ջուր կամ հեղուկ օգտագործելուն։

Շոգ եղանակին շատ կարևոր է շատացնել ընդունվող հեղուկի քանակը։ Բալանսը պահելու համար կրկին պետք է առաջնորդվել ծարավի զգացողությամբ: Ամբողջ օրվա ընթացքում պետք է ապահովել ջրի հասանելիությունը` պայուսակում կամ մեքենայում, տանը սեղանին միշտ պետք է ջուր դրված լինի։

минеральная вода
Հետաքրքիր փաստեր ջրի մասին

Շատ մարդկանց մոտ ուղեղը ծարավի ազդանշանը զգում է որպես քաղցի ազդանշան, ուստի հաճախ մարդիկ սնունդ են ընդունում, այնինչ օրգանիզմը ընդամենը ջրի պահանջ ուներ։

Չնայած իր անսահման առողջարար հատկություններին, ջուրը կարող է նաև տոքսիկ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Եթե մարդը մեկ ժամվա մեջ 2-3 լիտր ջուր խմի, հնարավոր է անգամ դրանից մահանա։

Ջրի օգտագործման վերաբերյալ հստակ ցուցումներ չկան: Դրանք պարզապես գոյություն չունեն, քանի որ կան միայն ընդհանուր ցուցումներ հեղուկների սպառման մասին:

Թեյը և նույնիսկ սուրճը ներառված են հեղուկի ընդունման ընդհանուր բալանսի մեջ: Այն բոլոր պնդումները, որ միայն մաքուր ջուրն է օգտակար մարմնի համար և 2 բաժակ հեղուկ պետք է խմել մի բաժակ սուրճից հետո, շարունակում են հեքիաթներ մնալ:

Թեյի կամ սուրճի մեջ շաքարավազ ավելացնելը, կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը հեղուկ լրացնելու համար լավ տարբերակներ չեն, քանի որ դա լրացուցիչ կալորիաների ընդունում է: Հետևաբար՝ հեղուկի ընդունում պետք է համարել առանց շաքարի և,իհարկե, առանց ալկոհոլի ըմպելիքների օգտագործումը։

вода, пить, ребенок