VPN ծառայություն. ինչպե՞ս է այն աշխատում
Beeline-ի յուրաքանչյուր աշխատակցի համար հասանելի է իր աշխատանքային համակարգիչը, որին մուտք գործելու համար պետք է մուտքագրել օգտատիրոջ անունն ու գաղտնաբառը (որը, ըստ ընկերության քաղաքականության, պետք է փոխվի առնվազն 2 ամիսը մեկ): Բայց այստեղ խնդիր է առաջանում. շատերը համակարգ են մուտք գործում տան համակարգչից, որտեղ կան նաև այլ տեղեկություններ և ծրագրեր, այդ թվում`խաղերի ոչ լիցենզիոն տարբերակներ, տոռենտներից ներբեռնված այլ գործիքներ, երաժշտություն, ֆիլմեր, գրքեր: Դրանցից շատերը պարունակում են փլագիններ, որոնք պարզապես ներբեռնում են տեղեկատվությունը համակարգչից և ուղարկում չարագործներին:
Ինչպես նշում է Վաչե Կարապետյանը, խնդիրն այն է, որ բազմաթիվ մարդիկ ստիպված անցան հեռավար աշխատանքի: Դա հարմար առիթ դարձավ չարագործների համար, որպեսզի նրանք ստանան բազմաթիվ տվյալներ` կարողանալով միանալ ցանցին և անել իրենց «սև գործը», նրանց համար նույնիսկ հասանելի դարձան գաղտնի տեղեկություններ կամ անձնական տվյալներ:
Սակայն Beeline-ը պատրաստ էր նման լուծումների, քանի որ ընկերությունում աշխատակիցների համար արդեն գործում էր BeeFree համակարգը, նաև կիրառվում էր OTP–ը (one time password)՝ մեկանգամյա գաղտնաբառը, որը կարող է օգտագործվել ինչպես VPN-ին, այնպես էլ էլեկտրոնային փոստին և այլ համակարգերին միանալու համար:
Փորձագետը նշում է, որ VPN համակարգի միջոցով միանալու դեպքում նման մեկանգամյա գաղտնաբառերի կիրառումը նշանակում է, որ օգտատիրոջ անվան և գաղտնաբառի միջոցով սովորական պաշտպանությունից բացի կիրառվում է պաշտպանության ևս մեկ մակարդակ՝ կանոնավոր կերպով թարմացվող և համակարգի կողմից գեներացվող մեկանգամյա գաղտնաբառ:
Եթե չարագործը փորձի մտնել համակարգ ձեր անվան տակ, նրան անհրաժեշտ կլինի ոչ միայն անունն ու ծածկագիրը, այլև օգտատիրոջ հեռախոսահամարը, որի վրա ուղարկվում է 6 նիշանոց գաղտնաբառը: Ընդ որում այդ գաղտնաբառերն ուղարկվում են ոչ թե SMS հաղորդագրությունների միջոցով, որոնք չարագործները ևս կարող են ստանալ, այլ համակարգի միջոցով: Կարապետյանը նշեց, որ քանի որ այս բոլոր լուծումներն արդեն ներդրվել էին ընկերությունում, աշխատակիցները կարողացան սահուն և հեշտ անցնել հեռավար աշխատանքի: Միակ բանը, որ փոխվեց, այն էր, որ ընկերությունը մեծացրեց VPN արտոնագրերի թիվը: Բազմաթիվ ընկերություններ այս ժամանակաշրջանում փորձում էին օգտվել այլ համակարգերից, օրինակ, Zoom–ից, որը, սակայն, պատրաստ չէր օգտատերերի նման մեծ հոսքի, ինչի հետևանքով վերջիններս բախվեցին միացման և անվտանգության խնդիրների հետ:
