+24
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Արցախում արված Փաշինյանի ֆոտոն իրարանցում է առաջացրել համացանցում, Մանե Գևորգյանն ու Ալեն Սիմոնյանը պարզաբանում են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21:01
22 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը պարզաբանել է նախօրեին Արցախում արված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի շուրջ ստեղծված իրավիճակը, որն իսկական իրարանցում էր առաջացրել սոցցանցերում։ Հիմնականում դժգոհություն են հայտնում քաղաքացիները, ովքեր ստիպված են մնալ տանը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով։

Աղմկահարույց լուսանկարը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության տոնակատարության ժամանակ արված լուսանկարում երևում է, թե ինչպես են Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու նրա կինը, ԱԱԾ քարտուղար Արմեն Գևորգյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու այլք, կանգնած բացօթյա վայրում` տոնական սեղանի շուրջ առանց դիմակների և ձեռնոցների` չպահպանելով սոցիալական հեռավորություն։

Այս լուսանկարը միանգամից դարձավ քննադատության առարկա անձամբ Փաշինյանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հասցեին, որը կանոնավոր կերպով կոչ է անում բնակչությանը պահպանել սոցիալական հեռավորություն և կրել պաշտպանիչ միջոցներ` դիմակ և ձեռնոցներ։ Նախօրեին առավոտյան` կառավարության նիստի ժամանակ, Արցախ մեկնելուց մի քանի ժամ առաջ, Փաշինյանն առաջին անգամ նիստին ներկայացավ դիմակով` նշելով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված գործերը «լավ չեն»։


прием в Арцахе Пашинян

Նա նշեց, որ «քաղաքացիները ճիշտ են նկատել, որ եթե փակ տարածքներում դիմակի կրումը պարտադիր է, ինչու՞ կառավարության նիստում և քննարկումների ժամանակ այդ պահանջին չեն հետևում»։ Վարչապետը հայտարարեց, որ պետական կառավարման մարմիններում պաշտոնյաները պետք է միշտ դիմակով լինեն, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մենակ են աշխատասենյակում։

«Մնացած բոլոր դեպքերում պետք է կրել դիմակ, այդ թվում` միջանցքներում։ Ճաշարաններում ևս պետք է պայմաններ ապահովվեն սոցիալական հեռավորության համար», – ասաց նա։

Ավելին, վարչապետն անգամ վրդովեց, որ բազմաթիվ քաղաքացիներ լուրջ չեն ընդունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը` կարծելով, որ
վիրուս գոյություն չունի։

Ոչ մի խուճապ, ամեն ինչ վերահսկողության տակ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այսօր տեղական ԶԼՄ–ներին մեկնաբանեց աղմկահարույց լուսանկարի շուրջ ստեղծված իրավիճակն`ընդգծելով, որ մինչև ընդունելությունը տեղի է ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը, որից առաջ և որի ժամանակ վարչապետը տիկնոջ հետ, կառավարության և Ազգային ժողովի հրավիրյալները կրել են դիմակ, շատերը նաև ձեռնոց:

«Ընդունելության համար ընտրված է եղել բացօթյա տարածք, որպեսզի մասնակիցները կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը: Տվյալ լուսանկարում ընդամենը մի պահ է, որ միմյանց շնորհավորել են», – ասել է Գևորգյանը։

Ուրիշ երկիր, ուրիշ օրենքներ

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ևս մեկնաբանել է իրավիճակը` նշելով, որ միջոցառման մասնակիցները շնորհավորել են Արցախի նորընտիր նախագահին։

Ինչ վերաբերում է սոցիալական հեռավորություն չպահելուն և դիմակ չկրելուն, ապա Սիմոնյանն ընդգծել է, որ լուսանկարն արված է Արցախի տարածքում, որտեղ գործում է արտակարգ իրավիճակի այլ ռեժիմ, պարետատան այլ խորհուրդներ, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն էլ տարբերվում է։

«Կարող եմ ասել, որ լուսանկարն արված է բացօթյա տարածքում, և Արցախի օրենքներով, նախատեսված չեն այնպիսի խիստ պահանջներ, ինչպես Հայաստանում է։ Այդուհանդերձ, հասկանալի է օգտատերերի վրդովմունքը, պետք է հասկանալ, որ ամեն խոսք ու լուսանկար դառնում է շահարկման առարկա», – ասել է Սիմոնյանը։

Ամեն դեպքում, ինչպես նշել է ԱԺ փոխխոսնակը, Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ պարետի պահանջներն ուժի մեջ են, պետք է զգոն լինել և օրինակ ծառայել սոցիալական հեռավարության պահպանման և դիմակ կրելու հարցում, անգամ նման իրավիճակում։

«Կարծում եմ, որ մենք պետք է եզրակացություններ անենք և հաշվի առնենք մեր սխալներն ու բացթողումները, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող է վատանալ», – ասել է Սիմոնյանը։

Տուն ուշացումո՞վ

Դեռևս հայտնի չէ` հայկական պատվիրակությունը, Փաշինյանի գլխավորությամբ, Արցախից վերադառնալուց հետո ինքնամեկուսանալու՞ է, թե՞ ոչ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը խնդրել է Մանե Գևորգյանին մեկնաբանել այդ հարցը։

Միաժամանակ նախօրեին ՀՀ փոխվարչապետ, պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, հաստատվել են ինքնամեկուսացման կանոնները Հայաստան մուտք գործող անձանց համար։

Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 21–ին։ Ըստ որոշման, Հայաստան մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են ինքնամեկուսանալ 14 օրվա ընթացքում։

Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված են պատասխանատվության տարբեր միջոցներ (վարչականից մինչև քրեական), ինչի մասին Հայաստան ժամանող անձինք տեղեկացվում են ժամանման ժամանակ։

Երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում ինքնամեկուսացման, մեկուսացման կամ ազատ տեղաշարժման սահմանափակումների ռեժիմի խախտումը, կախված առաջացրած հետևանքներից (մեկ կամ ավել անձանց վարակելը, վարակի պատճառով մեկ այլ անձի առողջությանը վնաս պատճառելը, նրա հիվանդանալը և մահը) նախատեսում է տարբեր պատժամիջոցներ։ Մասնավորապես, 700 հազար դրամի տուգանք, 3–ամսյա կալանք, մինչև 4 տարվա ազատազրկում։ Միաժամանակ կալանքն ուղեկցվում է գործունեության որոշակի տեսակների իրականացման, երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու հնարավորության զրկումով։

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքի համաձայն, արտակարգ դրության ժամանակ ինքնամեկուսացման, մեկուսացման կամ ազատ տեղաշարժման սահմանափակումների կանոնների խախտումը նախատեսում է 100–ից մինչև 250 հազար դրամի տուգանք։–0–



Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
09 Մայիսի 2020
Հայաստանն ու Արցախը տոնում են եռատոնը COVID-19–ի պայմաններում
Հայաստանում և Արցախում եռատոն է`Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը
20:07
03 Նոյեմբերի 2018
Հայաստանի խոհարարական ներուժը, դրախտ գուրմանների համար և գաստրոտուրիզմի ներկապնակը Yerevan FoodFest համի տոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում գաստրոտուրիզմի, դրա զարգացման հեռանկարների, հայկական խոհանոցի և դրա տարածման գործում մեդիայի դերի մասին ֆորումը կայացավ ուրբաթ Երևանում: