ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրելու համար Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Այդ մասին նշվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-յան էջում:
Ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին:
Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր:
Նշվում է, որ ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի: Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։-0-