ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությանը:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել այգում, ծանոթացել աշխատանքների արդյունքներին և քաղաքացիների համար ստեղծված պայմաններին:
«Այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները. նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1.5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ: Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երևանի քարտեզը, կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ: Տեղադրվել են շատրվաններ, հին հայկական գորգերի զարդանախշերով սալահատակ, բրոնզաձույլ արձաններ, նստարաններ, աղբամաններ և լուսասյուներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Երևանի 2800-ամյակի այգին հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Բացի կառուցապատումից, հիմնադրամը, 2019 թ. սկսած, 99 տարի իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:-0-