ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարության այսօրվա նիստում խոսեց այն մասին, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդես է եկել ներդրումային առաջարկով: Ըստ որի՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում նպատակ ունեն կառուցելու լեռնադահուկային համալիր:
«Ծրագրի իրագործման շրջանում, որը կտևի 2 տարի, կստեղծվի 250 աշխատատեղ, իսկ ծրագրի մեկնարկից հետո՝ 1500 մշտական աշխատատեղ: Այս համալիրը նպատակ ունի տարեկան սպասարկել 500 հազար զբոսաշրջիկի»,-ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:
Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը, և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
Նախագիծը հավանության արժանանալուց հետո կմշակվեն և ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվեն նաև դրանից բխող համապատասխան որոշումների նախագծեր:
Վահան Քերոբյանը նշեց նաև, որ ըստ ծրագրի, պլանավորվում է ներդրում անել ամենաքիչը 30 մլրդ դրամ, որից 15-ը կանի հենց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ը, և ևս 15 մլրդ կտրամադրվի այլ մասնավոր ընկերությունների կողմից:
«Նախադրյալներն այնպիսին են, որ կարողանալու է մրցակցել այլ հայկական լեռնադահուկային վայրերի հետ, ինչպես նաև ռեգիոնալ առումով մրցունակ լինի և լրացուցիչ տուրիստական հոսքեր ներգրավի Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Այս ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 0,2 տոկոսով: Սա լինելու է կայուն տնտեսական աճ»,-ասաց նա:
Կառավարությունը որոշեց ապահովել նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ այս ներդրումային ծրագիրը ենթադրում է, որ այդ վայրում պետք է լինի նաև խաղատուն:
Ծրագրով նախատեսվում է, որ մասնավոր ընկերությունն իր վրա է վերցնում այնպիսի ներդրումներ, ինչպիսիք են՝ ճոպանուղու, սահուղիների կառուցումը, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերումը և տեղադրումը:
Ճոպանուղիները լինելու են եվրոպական ամենարդիական տեխնոլոգիաներով հագեցած՝ փակ հոնդոլային (խցիկներով) տիպի, արագընթաց, ինչպիսիք տեղադրված են աշխարհահռչակ լեռնադահուկային կենտրոններում:
Հայաստանում գործում է երկու հանգստյան գոտի՝ Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում, որոնք առաջարկում են լեռնադահուկային ժամանց։–0–