420.75
4.19
394.07
+17
Եղանակը Երևանում
Հայ

Դպրոցներում հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից. քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները

13:27
19 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչները։

Փոխնախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ այսօրինակ խորհրդակցությունները նպաստում են համատեղ ջանքերով նոր գործիքակազմեր մշակելուն, որոնք թույլ են տալիս մեծացնել կրթական համակարգի արդյունավետությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի փոփոխության, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման, դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման, գնահատման, քննությունների անցկացման և վերանայման վերաբերյալ մի շարք հարցեր։

Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների՝ դպրոցներում պետք է ներդրվի կառավարման նոր մոդել` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենը պատասխանատվություն է կրելու առավելապես կրթության որակի համար, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչատնտեսական մասի համակարգողին: Օրենքի այս դրույթի կիրառման շրջանակում խորհրդակցության մասնակիցները քննարկել են «Լիազոր մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրելու կարգը հաստատելու մասին» նախագծի նախնական տարբերակը:

Փոխնախարարը մասնակիցներին առաջարկել է ներկայացնել քննարկվող կարգի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտարկումները, ինչից հետո միայն այն կամբողջացվի։

Հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից

Քննարկված մյուս հարցերը վերաբերել են դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի կիրառմանը, ավարտական՝ 9-րդ և 12-րդ դասարաններում քննությունների անցկացման ձևաչափերի պահպանմանը, փոփոխմանը և վերանայմանը, ավարտական փաստաթղթերի, մեդալների, գովասանագրերի տրամադրմանը, ինչպես նաև հանրակրթության նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր կարգին։

«Հանրակրթության նոր չափորոշչի կիրառման տեսանկյունից բավականին առաջընթաց կա։ Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում։ Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից։ Կրտսեր դասարաններում միավորային գնահատումը փոխարինել ենք ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ։

Չափորոշչով սահմանված են նաև ԲՏՃՄ բնագավառում ուսուցման որակի աճը, հայագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը և այլ առաջնահերթություններ։ Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը:

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ

Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին։

Փոխնախարարի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ. «Մենք քննարկել ենք կամավոր ատեստավորման փորձնական փուլում արձանագրված խնդիրները, որոնք անպայման հաշվի կառնվեն այս սեպտեմբերին կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ժամանակ»։

Ժ. Անդրեասյանը նաև հավելել է, որ վերանայվել է ուսուցիչների վերապատրաստման քաղաքականությունը. պարտադիր ատեստավորման և ուսուցչի որակավորման տարակարգերի տրամադրման նոր մոտեցումներ են որդեգրվել, որոնք ենթադրում են ուսուցչի մասնագիտական զարգացման և աշխատավարձային քաղաքականության փոխկապակցված մեխանիզմներ։

Նախադպրոցական կրթության ոլորտում անցում կկատարվի համընդհանուր ներառման

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթության մասին նոր օրենքին, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման կրթության համակարգին, որը կներդրվի փուլերով։
Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցականկրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի 2022 թ. սեպտեմբերից։

Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից, ըստ փոխնախարարի, կարևոր է հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը։ Ըստ այդմ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական ֆինանսավորմամբ:

«Նախադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային ենթակայության կազմակերպություններ են, բայց պետությունը պետք է աջակցի ԿԱՊԿՈՒ երեխաների՝ վաղ տարիքից ներառմանը, քանի որ, ըստ վերլուծությունների, հիմնական խնդիրները ֆինանսավորման հետ են կապված: Պետական ֆինանսավորումը թույլ կտա նախադպրոցական հաստատություններում ներգրավել համապատասխան մասնագետների, ապահովել հարմարեցված միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ միաժամանակ համապատասխան գործիքակազմեր են մշակվել մասնագիտացված կառույցների հզորացման համար:

Խորհրդակցության ընթացքում ոլորտի մասնագետները բուռն քննարկումներ են ծավալել բարձրաձայնված թեմաների շուրջ, հնչել են առկա խնդիրների լուծման առաջարկություններ ու դիտողություններ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները, լուծումներն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել կրթության զարգացման հնարավորությունները։

«Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցության կազմակերպումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ և ԱՄՆՄԶԳ-ի ֆինանսավորմամբ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները