ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նախօրեին` Քաղաքացու օրը, աշխատանքի է ընդունել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայող Լիպարիտ Մելքոնյանին, Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ինչպես նշվում է աշխատակազմի հաղորդագրության մեջ, շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն:
Որպես օրինակ, որպես բարոյական պարտավորություն՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն այդ կոչն իրականություն դարձնելու ճանապարհին ամիսներ առաջ կատարեց առաջին քայլը՝ աշխատանքի ընդունելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող և մասնագիտական հմտություններ ունեցող զինծառայող Գոռ Դարմանյանին:
«Նախագահ Սարգսյանը նաև ասել էր, որ գործընթացը լինելու է շարունակական: Եվ այսօր՝ Քաղաքացու օրը, Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունվում հայրենիքի ևս մեկ պաշտպան՝ Լիպարիտ Մելքոնյանը: Հայաստանի Հանրապետության ևս մեկ քաղաքացի ապահովվում է աշխատանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ նախագահի աշխատակազմը միաժամանակ կոչ է անում Շարունակել աջակցել մեր երկրի ու յուրաքանչյուրիս խաղաղության ու անվտանգության համար իրենց առողջությունը զոհաբերած մեր զինծառայողներին՝ աշխատատեղեր ապահովելով նրանց համար:–0–