ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը», – նշված է ՊՆ–ի հայտարարության մեջ:
ՊՆ–ից նշում են, որ յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության», – նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը
հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:–0–