ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։
Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվեց իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ ու երկարատև համագործակցության արդյունքում, հաղորդում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին Տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։ Թռչուններին պարբերաբար այցելում և նրանց ապաքինման ընթացքին հետևում էին Տեսչական մարմնի աշխատակիցներն ու կենդանաբանները։ Լիովին կազդուրված և օղակավորված թռչուններին, ըստ կենդանաբանների եզրակացության, որոշվեց բաց թողնել բնություն Արարատյան դաշտում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում և Ախուրյանի շրջանում։ Կարմիրգրքյան տեսակի բաց թողնված թռչուններից են վարդագույն հավալուսնը, մորուքավոր անգղը, բվեճը և քարարծիվը։
Վերացող այս թռչնատեսակներից բացի, Տեսչական մարմինը և վերոնշյալ մասնագետների խումբը համապատասխան որոշում կայացրեց և կազմակերպեց նաև 1 սովորական ճուռակի ու 3 արագիլների բնություն վերադարձնելու գործընթացը։–0–