ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թ.-ը զարգացման պետական ծրագիրը››:
Փոխնախարարը վստահեցրեց, որ նոր նախագծով կարևորվում է, որ բոլոր դպրոցները համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։
«Նախատեսվում է ատեստավորման տարակարգերի շնորհման մեխանիզմների ամբողջական վերանայում, ինչպես նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն։ Եկող տարվա բյուջետային հայտում կներկայացնենք ուսուցիչների դրույքաչափի փոփոխության և նաև հավելավճարի սահմանման նոր մոտեցումները, որոնք պետք է թույլ տան գնալ մինչև 400 հազար աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին», – նշեց Անդրեասյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման՝ որակավորման վերահաստատման գործընթացի արդյունքում, կախված հավաքած միավորներից, նրանց աշխատավարձերը 2021թ.–ի հոկտեմբերից սկսած կբարձրանան 30-50%-ով: Նա հայտնել էր, որ առաջին փուլում իրականացվել է Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Պատմություն, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն առարկաների ուսուցիչների ատեստավորման ծրագիրը:
ԿԳՄՍ նախարարությունն արդեն ամփոփել է ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը։ Այս տարի 7-12-րդ դասարաններում դասավանդող մի շարք առարկաների ուսուցիչներ աշխատավարձի հավելավճար ստանալու հնարավորություն են ստացել։ Առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է Հայաստանի մոտ 38 000 ուսուցիչներից ընդամենը 1000-ը։ Հավելավճարի համար սահմանված անցողիկ շեմը սակայն հաղթահարել է միայն 48%-ը։ Ամենաբարձր արդյունքը մաթեմատիկայի ուսուցիչներն են ցույց տվել, շուրջ 90%-ը հավաքել է անհրաժեշտ միավորները։ Ատեստավորման գործընթացին մասնակցած 996 ուսուցչից միայն 468-ի աշխատավարձն է բարձրացվել:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում