ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը:
Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում դեռևս 2022 թվականի հուլիսի 18-ից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաև ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը:
Կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք դեռևս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար:
Հաշվի առնելով նշվածը, Կոմիտեն հայտարարում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է ակտիվ վարչարարությունը` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2022թ.–ի հուլիսի 1–ից
ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որն ընդունվել է հունվարի 18–ին մի շարք հարակից օրենքների հետ։ Այսպիսով, ֆիզիկական անձանց կողմից 300 հազար դրամից ավել (մոտ 700 դոլար) գումարով իրականացվող ցանկացած գործարք այսուհետ պետք է իրականացվի անկանխիկ։
Այս տարի օրենքը կսկսի գործել Երևանում, 2023թ.–ին` մարզկենտրոններում, իսկ 2024թ.–ին` Հայաստանի ամբողջ տարածքում։
2022թ.–ի հունիսի 9–ին ԱԺ–ն հաստատեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ըստ որոնց` 300 հազար դրամը գերազանցող գործարքը, որի դիմաց վճարումը կատարվել է կանխիկ, ճանաչվում է չեղյալ։ Օրենքը նախատեսում է, որ Հայաստանի բոլոր առևտրային կետերում, բացի կրպակներից, պետք է հնարավոր լինի կատարել անկանխիկ վճարում։–0–