ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը Facebook–յան իր էջում դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով հրատապ հրավիրել ԱԺ արտակարգ նիստ։
Նա նաև անդրադարձել է ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին, ով այսօր Facebook–յան իր էջում գրառումներ է կատարում` կապված սահմանային իրավիճակի մասին։ Արցախյան պատերազմի օրերին գրեթե 44 օր շարունակ Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում գրառումներ էր կատարում, ամեն երեկո հանդես էր գալիս ուղիղ եթերում` ամփոփելով անցնող օրվա իրավիճակը ռազմադաշտում։ Նա նշում էր, որ իրավիճակը մարտի դաշտում ծանր է, բայց մենք պայքարում ենք, «թշնամուն ուղարկում դժոխք» և հաղթելու ենք, բայց 44 օր անց հայ ժողովուրդն ապրեց մեծ հիասթափություն։
«Մի խնդրանք Պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել։ Պարզապես փակեք բերանը», – նշել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։ Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։–0–