ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները պարզել են նոյեմբերի 5-ին «Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած նետած և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված և այնտեղ մահացած քաղաքացու ինքնությունը:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Գարիկ Բաղդասարյանն է:
Ոստիկանի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա իր գործընկերոջ հետ փորձել էր փրկել ինքնասպանություն գործած երիտասարդի կյանքը, սակայն վրաերթի էր ենթարկվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5–ին ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել։ Տեղում բժիշկները ճիշտ ու տիտանական աշխատանքի արդյունքում կարողացել են 30-35 տարեկան տղամարդուն կոմայից դուրս բերել, որից հետո բժիշկների հսկողությամբ նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն հիվանդանոցում նա մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ այդ քաղաքացին, երբ իրեն ցած է նետել, նրան փորձել են օգնության հասնել ոստիկանները, ովքեր, իրենց կյանքը վտանգելով ավտոմեքենաների արանքներով փորձել են մոտենալ այդ տղամարդուն։ Այդ ժամանակ ոստիկաններից մեկը վրաերթի է ենթարկվել Ford Transit մակնիշի ավտոմեքենայի կողմից։–0–