Փաշինյանը պարզաբանել է Սարդարապատում Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)
12:03
29 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է նախօրեին Սարդարապատում Կաթողիկոսի հետ կապված միջադեպը։
Նշենք, որ նախօրեին համացանցում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, որ ոստիկանները փորձում են թույլ չտալ Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ։
«Կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը և երեկ պետական արարողակարգային միջոցառումներին ուղղված գործողություններ էր արել։ Երբ որ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգի միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ Հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած՝ խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, երբ ոստիկանները ստացել են հավաստիացումներ, որ Վեհափառի այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։
«Խնդիրը որևէ շարժման մասնակցել–չմասնակցելու մեջ է։ Հայաստանի ցանկացած քաղաքացի ունի իրավունք և ազատություն մասնակցելու կամ չմասնակցելու որևէ շարժման։ Խոսքը սրա մասին է՝ նպատակը պետական արարողակարգային միջոցառմանը խոչընդոտելն է, թե ոչ։ Երբ որ պարզվել է, հավաստիացում և երաշխիքներ են եղել, որ՝ ոչ, որովհետև նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել է խոչընդոտելուն միտված կամ եթե ոչ միտված, առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց», – ասել է Փաշինյանը։