ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այն երկրներում, որտեղ պատվաստվածների ցուցանիշերն ավելի բարձր են, նոր շրջանառվող օմիկրոն շտամի առկայության դեպքում ծանր, ծայրահեղ ծանր և մահացության դեպքերն ավելի քիչ են լինում:
Загружается новость ... "Лево"
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը:
Մասնագետի խոսքով՝ շատ մարդիկ, ովքեր երբեմն, իրենց խոսքով՝ ստիպված են լինում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, օրինակ աշխատանքի բերումով, որոշ ժամանակ անց հասկանում են պատվաստման օգուտը և բժիշկներին շնորհակալություն են հայտնում:
«Շատ դեպքերում էլ, երբ ամբողջ ընտանիքը վարակվում է կորոնավիրուսով, ու չպատվաստված անդամները հիվանդությունը շատ ծանր են տանում, հոսպիտալացվում են, իսկ պատվաստվածներն ավելի թեթև, կարելի է ասել, որ նույնիսկ «ոտքի վրա» են տանում հիվանդությունը և արագ ապաքինվում: Նման պացիենտները հետո շնորհակալություն են հայտնում մասնագետներին, ովքեր իրենց պատվաստել էին»,-ասաց Հայրումյանը:
Նրա խոսքով՝ երկար ժամանակ Հայաստանում պատվաստման դեմ բավական լուրջ հակաքարոզ էր գնում, որը շատերին վախեցնում էր և հետ պահում պատվաստվելուց:
«Հակաքարոզին նույնիսկ որոշ բուժաշխատողներ էին մասնակցում, որոնք չնայած ուղիղ չէին ասում՝ մի պատվաստվեք, բայց ասում էին, օրինակ, որ պատվաստումից առաջ անհրաժեշտ է հետազոտվել, իսկ մարդկանց դա վախեցնում էր: Նրանք մտածում էին, որ եթե ինչ-որ միջամտությունից առաջ պետք է հետազոտվել, ուրեմն, հավանաբար այն վտանգավոր միջամտություն է»,- ընդգծեց մասնագետը:
Սամվել Հայրումյանի խոսքով՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ պատվաստումից որոշ ժամանակ անց կանայք առանց որևէ խնդիրների, բարեհաջող հղիացել են:
«Նշեմ նաև, որ մարդիկ կարող են առանց բժիշկի նշանակման դեղատնից գնել դեղեր և խմել՝ առանց գիտակցելու, որ այդ դեղերի պատճառով կարող են ծանր բարդություններ լինել, սակայն դրա մասին գրեթե չի խոսվում, իսկ պատվաստման հնարավոր բարդությունների կամ վտանգների մասին ով ասես խոսում է»,- եզրափակեց մասնագետը:–0–