ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այս տարի Սուրբ Սարգսի տոնը փետրվարի 8-ին է, իսկ աղե բլիթն ուտում են փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը: Այս մասին հայտնում է Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունը:
«Աղի բլիթը ընդամենն ավանդույթ է ու հոգևոր խորհուրդ չունի: Ընտանիք կազմելու համար կարևոր է սիրո քաղցրությունը, ոչ թե բլիթի աղի լինելը: Հայերս ավանդույթները պահում ենք, սակայն այդ ավանդույթները իմաստ ունեն, եթե լիարժեքորեն ու գիտակցումով մասնակցում ենք տոնի հոգևոր խորհրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Եկեղեցին սրբացնում է Ս. Սարգսին` համարելով նրան սիրո երազանքների իրականացնող: Պատմությունը վկայում է, որ Սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու քրիստոնեությունը քարոզելու համար հալածանքների է ենթարկվել Հռոմեական կայսրությունում, այնուհետև Պարսկաստանում: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ, նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում