ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցը հայտարարություն է տարածել քաղաքացիների թունավորման կապակցությամբ։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, քաղաքացիները թունավորման ախտանիշերով դիմել են բուժօգնության` նշելով, որ նախօրեին եղել են «Տաշիր պիցցա»–ում։ Թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2 –ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։
««Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է», – նշվում է «Տաշիր Պիցցա» թիմի հայտարարության մեջ։–0–