ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 31-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղություններին, Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին և դրանց դիմակայելու միասնական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում