ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ խաղաղությունը, որի մասին խոսում են Հայաստանի իշխանությունները, ոչ թե խաղաղություն է, այլ ողորմություն։
«Ոչ մի խաղաղություն ավելի արժեքավոր չէ, քան ժողովրդի արժանապատվությունը, առանց հաղթանակի խաղաղություն չկա»,- ասաց նա Սարդարապատում լրագրողների հետ զրույցում։
Խոսելով շարժման նպատակների մասին՝ արքեպիսկոպոսը նշեց, որ կա արձանագրված փաստ՝ սահմանի ապօրինի սահմանազատում ու սահմանագծում, որը հակասում է մեր Սահմանադրությանը։ «Երկրորդը, մեր կյանքը թաղված է ստի մեջ, և դա պետք է դադարեցնել»,- ասաց նա։
Նշենք, որ ամեն տարի մայիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է Սարդարապատի հուշահամալիր: Այս տարի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սարդարապատում են, որպեսզի թույլ չտան Փաշինյանի այցը:
Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում