ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հորդառատ անձրևների պատճառով փակվել է Ռուսաստանի և Վրաստանի սահմանը։ ԱԻՆ–ի Հյուսիսային Օսեթիայի վարչությունը հայտարարել է Ռազմական վրացական ճանապարհի երթևեկության փակման մասին, քանի որ «անհնար է ապահովել ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը», հաղորդում է
ՌԲԿ–ն։
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ Թերեք գետի վարարման հետևանքով մայրուղին ողողվել է։
Վերին Լարսի անցակետը Ռուսաստանի և Վրաստանի սահմանի միակ ցամաքային անցակետն է։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր հերթին հայտնում է, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ», – նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:–0–