ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոստացել է խստացնել ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները:
«Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն», ,- գրել է նա Facebook-յան իր էջում:
Նա նաև հայտնել է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած
տեսահոլովակի գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:
Սարգսյանը նաև նշել է, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն ևս մի քանիսը։
«Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ և աղբը թափել միայն սահմանված վայրերում», - նշել է քաղաքապետը:-0-