ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Արդեն գործնականում սկսել է երևանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են», – նշում է Կարապետյանը` հավելելով, որ վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը։
«Վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից»,– հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով, Երևանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան և ավելի հին է: Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ներկայումս քաղաքապետարանը փորձնական ծրագիր է իրականացնում: Հիմնական ֆոնդը փոխարինվելու է փոխառու միջոցներով:–0–