ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք: Այս մասին ասվում է Սյունիքի մարզպետարանի Facebook-յան էջում։
«Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու և տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետևել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները»,- ասվում է գրառման մեջ։
Загружается новость ... "Лево"
Սյունիքի մարզպետարանը նաև հիշեցրել է քաղաքացիներին, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ով։ Իսկ մասնավորապես՝ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-250 հազար դրամի չափով:
Նշենք, որ ապրիլի 2–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 5 մարդ։-0-