ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում 6–րդ հարկից ընկած երեխայի հրաշալի փրկության պատմությունն անտարբեր չթողեց ոչ ոքի։
Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Փոքրիկի մոտ առկա էին զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:
Բժիշկներն արել են ամեն հնարավորն ու անհնարինը` փոքրիկի կյանքը փրկելու համար։ Արվինն արդեն ճանաչել է ծնողներին, խոսել նրանց հետ։
«Եթե բացեք պատուհանը և ուղղակի ներքև նայեք՝ կսարսափեք ու չեք էլ կարող մտածել, որ 3-4 օր հետո մարդը կարող է բացել աչքերը և սկսել խոսել, ասելով՝ «մամա»»,- պատմում է Արվինի մայրը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից` հանգստանալու նպատակով: Երեխայի մայրը պատմում է, որ հանգստյան հենց առաջին օրն այդ դեպքը պատահեց, և կինը հուսահատ էր, քանի որ օտար քաղաքում է, իր որդին մահանում է, և ինքը չգիտի` ինչ անի։ Բայց, նրա խոսքով, օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ: Երևանի ջերմությունն ու հոգատարությունը Վիքսոմների ընտանիքն զգաց դժվարության մեջ հայտնվելու հենց առաջին իսկ վայրկյաններից:
Նշվում է, որ փոքրիկի բուժման ողջ ծախսը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանը: -0-