ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ջինիշյան հիմնադրամը նախատեսում է մանկական վերականգնողական կենտրոն կառուցել Գեղարքունիքում։ Այս մասին հայտնեցին հիմնադրամի ներկայացուցիչներն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը, կենտրոնը կներառվի Սևանի բժշկական կենտրոնի կազմում և արտահիվանդանոցային վերականգնողական ծառայություններ կմատուցի տարածաշրջանի երեխաներին:
Հիմնադրամի ջանքերով կենտրոնը կվերազինվի և կվերանորոգվի` մեկ տարի ապահովելով դրա գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Մինչև 2020 թվականը կավարտվեն շինարարական աշխատանքները, ինչպես նաև կվերապատրաստվի բժշկական անձնակազմը: Այնուհետև այն կհանձնվի առողջապահության նախարարության ֆինանսավորմանը:
Загружается новость ... "Лево"
Ներկայացնելով նախագծի մանրամասները` հիմնադրամի ներկայացուցիչները ակնկալել են վարչատնտեսական և կազմակերպչական հարցերում նախարարության ուղղորդումը և աջակցությունը` աշխատանքների իրականացման համար` նշելով, որ այս պահին շահառուների ցանկում գրանցվել է վերականգնողական բուժօգնության կարիք ունեցող 88 երեխա:
Ողջունելով նախաձեռնությունը` նախարար Թորոսյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, և հնարավորության դեպքում ծառայությունները կիրականացվեն պետական պատվերի շրջանակներում:
Կողմերը խոսել են նաև նորածինների կոնքազդրային հոդախախտի սքրինինգային ծրագրի վերաբերյալ` անդրադառնալով խնիրներին և լուծման հեռանկարներին: -0-