«Նման դեպք 40 հազարից 1 անգամ է պատահում». Երևանում նորածնին վիրահատած բժիշկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
17:42
10 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատություն, որը բարի ավարտ է ունեցել: Վիրահատական ճանապարհով նորածնից հեռացվել է 1,2 կգ քաշով տերատոմա:
Բուժ. կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աղջիկը ծնվել է «Մարգարյան» ծննդատանը հունվարի 2-ին՝ 3,5 կգ քաշով, որից 1,2 կգ-ը միայն կազմել է տերատոման (գոյացություն): Շուտով երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ հունվարի 8-ին անցկացվել է ուռուցքային գոյացության հեռացում: Վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ, որի արդյունքում բժիշկներին հաջողվել է առանձնացնել գոյացությունը նորածնի մարմնից՝ փրկելով նրա կյանքը:
«Փառք Աստծուն, մեզ հաջողվեց ամբողջովին, առանց ֆունկցիոնալ խանգարումների այդ մեծ գոյացությունը հեռացնել: Երեխան կարողացավ նաև ինտենսիվ բուժման ֆոնի վրա հաղթահարել այդ հետվիրահատական ծանր փուլը, և արդեն երեխային դուրս ենք գրել: Ընթացքը հետվիրահատական շրջանի հուսադրում է, որ երեխան պետք է ֆունկցիոնալ խանգարումներ չունենա»,- ասել է Դալլաքյանը:
Բժշկի խոսքով, այս տեսակ արատը բավականին հազվագյուտ պատահող արատներից է, մոտավորապես, 40 հազ. ծնունդից մեկի մոտ: Տվյալ դեպքում, այս գոյացությունը ուշ էր դիագնոզվել, ինչը թույլ տվեց պտղին զարգանալու, հետո էլ բժիշկներին հնարավորություն ընձեռեց միջամտելու և մաքսիմալ արդյունքը ստանալու առումով:
Դալլաքյանը նշեց, որ նորածինն արդեն մեկ շաբաթ է, ինչ դուրս է գրվել և հիմա քաշ է հավաքում: Բժիշկը նույնպես նշել է, որ չնայած մեծ փորձ ունի նործնային վիրահատությունների մեջ, սակայն այս չափի մեծ գոյացություն դեռ չէր հանդիպել:-0-