ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Նա հայտնում է, որ փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:
Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:
Դերձյանը նշել է նաև, որ երբ Արվինին պատմել է, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, փոքրիկը կիսատ թողել իր խաղալիքի հետ խաղը ու կիսաժպտալով ասել` «Thank you»:
Հիշեցնենք, որ երեխան սեպտեմբերի 5-ին տեղափոխվել է ԲԿ բազմաթիվ վնասվածքներով: Սեպտեմբերի 9-ին հաջող վիրահատվել է: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում