Դուդուկի հնչյունների ներքո. 18–ամյա Իննա Սայադյանը հայկական ժողովրդական երգով ցնցեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
10:40
09 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծի 8-րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում ժյուրիի 4 անդամներին իր ելույթով ցնցել է 18-ամյա Իննա Սայադյանը։
Նա կատարել է «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգը` դուդուկի հնչյունների ներքո:
Դեպի Իննան առաջինը շրջվել է հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, նրան հետևել են Սերգեյ Շնուրովը և ժյուրիի մյուս անդամները՝ Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը:
Ելույթից հետո դահլիճը պարզապես «պայթել է» ծափահարություններից, «բրավո» բղավոցները չէին դադարում։
Իննա Սայադյանը ներկայացրել է դուդուկահար Հարություն Խաչատրյանին։
Նա նշել է, որ 18 տարեկան է, ծնունդով Վայք քաղաքից է, բայց ապրում ու սովորում է Մոսկվայում։
«Ինձ համար շատ հաճելի է, քանի որ այն, ինչ դուք արեցիք, շատ մշակութային էր», - նշել է Վալերի Սյուտկինը։
«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես Գարիկ Մարտիրոսյանը խնդրեց մասնակցել Հայկական մշակույթի օրերին և կատակով նշեց․ «Միակ օրերն են, երբ հայերն իրենց քաղաքակիրթ են պահում»... Իսկ ես ուզում եմ նշել, որ այն, ինչ դուք արեցիք իսկապես երկրի ձայնն է», – նշել է Սյուտկինը։
Կոնստանտին Մելաձեն իր հերթին նշել է, որ հենց դուդուկը հնչեց, գործընկերները սկսեցին նայել իրեն։
«Դուք այնքան փայլուն երգեցիք, որ կհաղթեիք նույնիսկ, եթե չլիներ դուդուկը։ Ես հստակ գիտեմ, թե ինչ պետք է անել ձեզ հետ, ինչ երգացանկ կարող ենք ընտրել», – նշել է Մելաձեն` հրավիրելով Իննային իր թիմ։
Իննան անչափ հուզված էր, բայց վերջում որոշեց ընտրել Կոնստանտին Մելաձեի թիմը։–0–