Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
10:45
16 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 12–ամյա Կարինա Իգնատյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում։
Ինչպես նշվում է «Դեպի Եվրատեսիլ» հայաստանյան մրցութային փուլի Facebook–յան էջում, նոյեմբերի 24-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով։
Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Կարինան ստացել է 138 միավոր։
Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով:
Բացի Կարինայից, ընտրական փուլին մասնակցել են Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանն ու Նարեկ Մարկոսյանը։–0–