ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձներ են հղել Գնեսինների դպրոցում տեղի ունեցած «Սուրբծննդյան հանդիպման» հյուրերին և ARMONIA մրցանակաբաշխության հաղթողներին, որտեղ 2019 թվականին բացվել է դուդուկի դասարան:
Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ, ամենամյա «Սուրբծննդյան հանդիպումը» բացել է հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին:
«ARMONIA մրցանակաբաշխությունը հայ մանուկների և երիտասարդների շրջանում տաղանդների որոնումն ու աջակցությունն է, Ասամբլեայի գերակայություններից մեկը: Այստեղ գտնվող որոշ հայերի շնորհիվ տեխնոլոգիապես սրընթաց զարգացում ապրող և ավելի մեխանիկական դարձող աշխարհում իսկապես շատ ավելի դժվար է դառնում պահպանել աուտենտիկ հատկանիշներն ու առանձնահատկությունները», - ասել է նա:
Իր տեսաուղերձում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է միջոցառման անցկացումը:
«Գիտեմ, որ այսօր կազմակերպվել է հատուկ միջոցառում: Այն հավաքել է Ռուսաստանի բազմաթիվ հայերի, ովքեր կապված են իրենց պատմական հայրենիքի հետ և միևնույն ժամանակ Ռուսաստանի լավ քաղաքացիներ են», - հայտարարել է նա:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում ARMONIA- ի հաղթողներին հրավիրել է Իտալիայում կայանալիք իր առաջիկա խաղին:
Երիտասարդ գործիքավորողների ընտրական փուլն անցկացվել է առցանց և հավաքել ավելի քան 150 պատանի երաժիշտների Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Լատվիայից և Բելառուսից:
ARMONIA մրցանակաբաշխության հաղթողներն են.
• Եկատերինա Նայդյոնովան, ֆլեյտա, Ռուսաստան, 1-ին տարիքային կատեգորիա
• Սերգեյ Մկրտիչյան, ջութակ, ֆլեյտա, Ռուսաստան, 2-րդ տարիքային կատեգորիա
• Արտյոմ Իոաննիսյան, թավջութակ, Հայաստան, 3-րդ տարիքային կատեգորիա
• Աիդա Ավանեսյան, դաշնամուր, Հայաստան, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ: Աիդան հայտնի է ռուսական Առաջին ալիքի «Лучше всех!» հեռուստաշոուի հանդիսատեսին` որպես վիրտուոզ դաշնակահար
• Մարիա-Միշել Յումզեմս, հատուկ մրցանակ` Classical Young Stars Vienna-ի կողմից
Մրցանակակիրներին ընտրել են ժյուրիի պատվավոր անդամները.
• Արթուր Ահարոնյան, կոմպոզիտոր, դաշնակահար, Փարիզի Դարիուս Միեի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր , Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, Ֆրանսիացի հեղինակների և կոմպոզիտորների միության անդամ
• Սուրեն Բագրատունի, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար, միջազգային փառատոների տնօրեն և գեղարվեստական ղեկավար, Միչիգանի (ԱՄՆ) պետական համալսարանի պրոֆեսոր
• Ջիվան Գասպարյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր
• Հասմիկ Գրիգորյան, օպերային դիվա, Լիտվայի Օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատար, Մարիինյան թատրոնի սոպրանո
• Ստաս Նամին, Մոսկվայի Ստաս Նամինի անվան երաժշտության և դրամայի թատրոնի հիմնադիր, երաժիշտ և կոմպոզիտոր, «Armenian Assembly»–ի հասարակական խորհրդի նախագահության անդամ
• Կոնստանտին Օրբելյան, դիրիժոր, դաշնակահար, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Armenian Assembly»–ի հասարակական խորհրդի նախագահության անդամ
• Սերգեյ Սմբատյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
• Միխայիլ Խոխլով, Մոսկվայի Գնեսինների անվան հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն
«Այն ամենն, ինչ կապված է մարդկային կապիտալի հետ, ինչ մեր գլխում և հոգում է, հենց դա էլ առաջիկայում կլինի ամենաարժեքավորը», - ասել է պրոֆեսոր, Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը:
«Կարևորն այն է, որ երիտասարդ երաժիշտները, ում մենք այսօր տեսանք բեմում, իրենց ստեղծագործությունից ստանան այնքան հաճույք, որքան մենք՝ նրանց կատարումից», – նշեց պրոֆեսորը:
«Երբ «Assembly»–ն նոր էր զարգացնում իր գաղափարները, ես խորապես համոզված էի, որ դա անպայման հաջողությամբ կպսակվի, որովհետև կազմակերպությունն իր առջև դրել էր բարձրագույն նպատակ», - ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման և քաղաքականության ամբիոնի դեկան Հենրի Սարդարյանը:
«Սա հիանալի մրցույթ է: Որպես ժյուրիի անդամ` ես պետք է ընտրեի ամենահետաքրքիրներին և 1-ից 10 միավոր նշանակեի: Ես լսեցի այս բոլոր երեխաներին, «խելագարվեցի» և բոլորին 10 նշանակեցի: Իհարկե, սխալ է, ինձնից ի՞նչ ժյուրիի անդամ, եթե բոլորին 10 եմ նշանակում: Բայց ես ոչինչ չէի կարողանում անել», - ասել է պրոդյուսեր և հայտնի ռեժիսոր Ստաս Նամինը:
«Ունկնդրեսի իսկապես երաժշտական աղջիկների և տղաների: Այդ տարիքում որտեղի՞ց գիտեն կյանքը: Սա Հայաստանի` անցյալից եկած ինչ-որ գենետիկ ծածկագիր է, որը նրանց իմաստություն է տվել», – նշել է Նամինը։
«Ես շնորհակալ եմ, որ «Armenian Assembly»–ն ընտրել է հենց Գնեսինների դպրոցը երիտասարդ տաղանդներին աջակցելու իր նախագծի համար : Շատ հպարտ եմ, որ Գնեսինների դպրոցն առաջին դպրոցն է, որտեղ երեխաներին սովորեցնում են պրոֆեսիոնալ դուդուկ նվագել», - ասել է ժյուրիի անդամ, Գնեսինների դպրոցի տնօրեն Միխայիլ Խոխլովը:
«Բազմաթիվ երեխաներ օգնության կարիք ունեն, որպեսզի կարողանան առաջ շարժվել կարիերայի ճանապարհով` դեպի նոր նվաճումներ: Մաղթում եմ բոլոր այն երիտասարդ երաժիշտներին, ովքեր այսօր ելույթ են ունեցել և ովքեր մասնակցել են այս մրցույթին, իսկ նրանք ավելի քան 150-ն են, որ նրանք բոլորը գնան դեպի նոր բարձունքներ և իրենց տաղանդով նվաճեն նոր լսարան», – նշել է Խոխլովը:
ARMONIA «Armenian Assembly»–ի նախաձեռնությամբ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի աջակցությամբ անցկացվող երաժշտական մրցույթ է, այն առաջին անգամ անցկացվել է 2019 թվականի նոյեմբերին: Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել նոր տաղանդներ դասական երաժշտության կատարողների շրջանում: Մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով, որպեսզի կարողանան մասնակցել հայաստանցի և Ռուսաստանի ու այլ երկրների հայկական սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչները: Հաղթողները ելույթ են ունեցել Մոսկվայի լավագույն համերգասրահներից մեկում` «Սուրբծննդյան հանդիպում-2019» եզրափակիչ համերգին, որը կարևոր իրադարձություն կդառնա նրանց կարիերայում:
«Armenian Assembly»–ին հասարակական կազմակերպություն է, որն աջակցում և իրականացնում է սոցիալական և ձեռնարկատիրական ծրագրեր Հայաստանում և սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների և գիտության ոլորտում: Ակտիվ գործունեության առաջին տարում Assembly–ին նախաձեռնել և աջակցել է ավելի քան 25 նախագիծ Հայաստանում և Ռուսաստանում:–0–