416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Տուգանքներ և բալեր. ինչի՞ համար և որքա՞ն պետք է վճարեն հայ վարորդները. ԱՂՅՈՒՍԱԿ

15:08
22 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունվարի 1–ից ուժի մեջ են մտել «Վարչական պատասխանատվության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու վեց հարակից օրենքները, որոնք նախատեսում են  ճանապարհային երթևեկության անվտանգության գնահատման բալային համակարգի ներդրում։ Ամեն վարորդի տարեկան տրվում է 9 բալ։ Ի՞նչ է նախատեսում նոր համակարգը, ո՞ր խախտումների դեպքում վարորդը կզրկվի վարելու իրավունքից, ինչպե՞ս խուսափել տուգանքներից։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է պարզաբանել այս և այլ հարցեր։

Ինչո՞ւ են պետք փոփոխությունները 

баллы штраф кошелек

Հայաստանյան ճանապարհների վիճակը վերջին տարիներին շարունակում է անմխիթար մնալ. ավտովթարների թիվն աճում է, ինչպես և երթևեկության կանոնների խախտման քանակը։ Ճանապարհային ոստիկանությունում նշում են, որ տուգանքների խստացումը չի հանգեցնում ՃՏՊ–ների թվի նվազմանը, այլ միայն վրդովմունք է առաջացնում հասարակության շրջանում։ 

Այս ամենից ելնելով`առաջացավ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտություն, որոնք կսահմանափակեն վարորդների իրավունքները, մասնավորապես, տուգանքների բալային համակարգի ներդրման հաշվին։ Նոր մոտեցմամբ առաջարկվում է հրաժարվել «իրավախախտում–տուգանք» համակարգից` հօգուտ «իրավախախտում – տուգանք + տուգանային բալ» համակարգի, ինչը կբարձրացնի վարչական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը։  

Օրինագծում վերանայվել են որոշ տուգանքների չափերը` կախված հանրային վտանգավորության մակարդակից։ Վերանայված 100 իրավախախտումներից 26–ի դեպքում առաջարկվում է տուգանքների նվազեցում. 10–ի դեպքում` 50 տոկոսի նվազեցում, իսկ 7–ի դեպքում` ավելի քան 50 տոկոսով։ Որոշ խախտումների դեպքում, ընդհակառակը, տուգանքները խստանալու են։ 

Օրինակ, եթե մեքենան վարող անձի վարորդական իրավունքն ուժի մեջ չէ, հնարավոր է հայտնվել կալանքի տակ մինչև 2 ամիս ժամկետով և մեկ տարով զրկվել վարորդական իրավունքից։ 

Ինչպե՞ս է աշխատում բալային համակարգը

Տարվա համար վարորդներին տրվում է 9 միավոր, ինչից հետո իրավախախտման համար հանվելու են տուգանային միավորներ, որոնց չափը սահմանվելու է` ելնելով խախտման հանրային վտանգավորության աստիճանից ու քանակից։

9 միավորը սպառելու դեպքում վարորդը կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։

Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք։ Միաժամանակ վեց ամսով վարորդական իրավունքից զրկված վարորդները հնարավորություն ունեն ժամկետից շուտ վերադարձնել վարորդական իրավունքը։ Դրա համար անհրաժեշտ է տեսական քննության թեստ հանձնել, բայց վարորդական իրավունքից զրկվելուց հետո երեք ամսից ոչ շուտ։ Ընդ որում եթե վարորդի հաշվին քիչ բալեր են մնացել, նա հնարավորություն ունի  մեկ անգամ համալրել այն ` հանձնելով տեսական քննություն և ստանալով երկու «բոնուսային» միավոր։

Մեքենայի ղեկին ես չեմ, ինչպես կհանվեն բալերը 

Նոր համակարգի ներդրումը մտահոգություն է առաջացրել ավտոսեփականատերերի շրջանում, ովքեր իրենց մեքենան տրամադրել են ծանոթներին կամ հարազատներին։ Օրինակ, ձեր մեքենան վարում է եղբայրը, քույրը կամ հայրը։ Եթե նախկինում տուգանքները գալիս էին ձեր անունով, իսկ վճարում էր մեքենան վարող անձը, ապա հիմա ցանկացած խախտման դեպքում միավորները հանվում են ձեր հաշվից։ 

Սա լուրջ է, եթե դուք ունեք ևս մեկ մեքենա, որն  արդեն ինքներդ եք վարում։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես են միավորները հանվելու այն վարորդներից, ովքեր չունեն վարորդական իրավունք։ Բացառված չէ, որ տվյալ դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի ամենախիստ պատիժն` առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելը նախատեսում է քրեական պատասխանատվություն։   

Ի դեպ, հարկ է հաշվի առնել, որ ըստ նոր օրենքի մեքենայի սեփականատերը պետք է տեղեկացնի, թե ով է վարում իր տրանսպորտային միջոցը։ Եթե մեքենան վարում են մի քանի վարորդներ կամ կա լիազորագիր` այլ անձի կողմից մեքենան վարելու , ապա նրանց հնարավոր է գրանցել առցանց հարթակում` հետևյալ հղումով, որտեղ անձնական տվյալների գրանցման միջոցով կարելի է նշել միանգամից մի քանի վարորդների, ովքեր վարում են տվյալ տրանսպորտային միջոցը։ 

Հետևաբար, տուգանքներն էլ կբաշխվեն այդ վարորդների միջև։ Դրա համար անհրաժեշտ է համակարգում մուտքագրել տվյալները` նշելով սոց. քարտի համարը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարը, կոնտակտային տվյալները։ 

Նման դեպքերում, ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելիս, եթե փաստացի վարորդը հայտնի չէ և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվին բալային համակարգում ներառված է երեք և ավել խախտում, հայտարարվում է հետախուզում վարորդի ինքնությունը պարզելու համար։

Ինչպե՞ս իմանալ` որքա՞ն բալ ունեմ

баллы штраф кошелек

Ի՞նչ պետք է անի վարորդը, ով արդեն մի քանի անգամ տուգանվել է, սակայն չգիտի կամ չի հիիշում, թե որքան բալ ունի։ Ամեն ինչ շատ պարզ է։ Առաջին հերթին, խախտման դեպքում վարորդին կտեղեկացնեն վարչական տուգանքի մասին, նա ինքը կարող է հաշվել իր բալերը։ Երկրորդը, կարելի է օգտվել առցանց համակարգից, որտեղ հնարավոր է գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Այս հարթակում կարելի է ծանոթանալ վարորդի նկատմամբ ընդունված որոշումներին, վարչական տուգանքների նշանակմանը, հետևել սեփական տուգանային բալերի հաշվեկշռին։ Բացի այդ, այս համակարգում կարելի է բաժանորդագրվել և SMS–ի միջոցով ստանալ վարչական տուգանքի նշանակման մասին էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգի միջոցով հնարավոր է նաև օգտատիրոջը (վարորդին) կցել տրանսպորտային միջոցին, ինչպես նաև կնքել տրանսպորտային միջոցի էլեկտրոնային առք ու վաճառքի պայմանագիր և ներկայացնել էլեկտրոնային հայտ։ 

Վարձով բալեր 

Բալային համակարգի ներդրմանը հետևեցին հայերին հատուկ հնարամտություններ. էլեկտրոնային հարթակներում սկսեցին հայտնվել բալերը վարձով տալու «հետաքրքիր» առաջարկներ։ Էությունն այն է, որ մարդը, ով ունի վարորդական իրավունք, սակայն չունի ավտոմեքենա, վաճառում է իր բալերը։ Մեկ այլ օրինակ, դուք ունեք մեքենա, սակայն «ծախսել եք» ձեր բալերը և «գնում եք» ուրիշի բալերը, որպեսզի իրավունք ունենաք վարել մեքենա։ Դրա համար «գործարքը ձևակերպելուց» հետո պետք է այդ վարորդին գրանցել որպես ձեր տրանսպորտային միջոցից օգտվող և նրա անունով ձևակերպել ձեր տուգանքները և բալերը կհանվեն նրանից։ Բնական է, որ նման գործարքներն օրինական չեն, այդ պատճառով մի զարմացեք, եթե դրանցով հետաքրքրվեն իրավապահ մարմինները։ 

Պատժամիջոցներ երթևեկության կանոնների խախտման համար

баллы штраф кошелек 

Վարորդները նաև պետք է իմանան, որ որոշ խախտումների դեպքում նախատեսված են պատժամիջոցներ, որոնց հետևանքով վարորդները զրկվում են մեքենա վարելու իրավունքից։ Այդ պատժամիջոցների թվում են առանց թույլտվության մեքենայի վրա կարմիր և/կամ կապույտ փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշանների տեղադրումը, առանց համարանիշի կամ կեղծ համարանիշով մեքենա վարելը, հանրային տրանսպորտի «դեղին» համարանիշերի անօրինական օգտագործումը, ՃՈ տեսուչի` մեքենան կանգնեցնելու պահանջը չկատարելը, արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը։ Նախկինում այս խախտման դեպքում նախատեսված էր 200 հազար դրամի տուգանք (մոտ 420 դոլար)։ Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում կամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք և կալանք մինչև 2 ամիս ժամկետով, ինչպես նաև վարորդը 1 տարով զրկվում է զբաղեցնել որոշ պաշտոններ և կատարել որոշ գործուենություն։ Ինչ վերաբերում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելուն, ապա այստեղ արդեն պատժամիջոցները խստանում են, մասնավորապես, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքում կարելի է 1 տարով զրկվել վարորդական իրավունքից, իսկ եթե վարորդը խուսափում է զննություն անցնել սթափության վիճակը ստուգելու համար, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է վարելու իրավունքից։ 

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներն ու տաքսիները ոչ սթափ վիճակում վարելու դեպքում վարորդը զրկվում է վարելու իրավունքից 6 ամիս ժամկետով, իսկ եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ, ապա վարորդը զրկվում է վարելու իրավունքից 2 տարի ժամկետով։ Նոր համակարգով նախատեսվում է քրեական պատասխանատվություն երթևեկության կանոնների մի շարք խախտումների դեպքում, եթե դրանք կրկնվել են մեկ տարվա ընթացքում։  

Ինչ է ենթադրում նոր համակարգը 

Նոր համակարգով գրեթե բոլոր հիմնական խախտումների համար նախատեսվում են տուգանքներ։ Ըստ օրենքի, վարորդը 0,5 միավոր կկորցնի անընթեռնելի համարանիշով մեքենա վարելու, կանգառի և կայանման կանոնները խախտելու դեպքում, այդ թվում`եթե սխալ կայանման պատճառով այլ վարորդներ ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, եթե սխալ կայանման կամ կանգառի պատճառով մեքենան տարհանվել է պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը 1 միավոր կկորցնի խաչմերուկներում անցման կանոնները խախտելու, հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու, վազանցի կանոնները խախտելու, մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելու դեպքում։ 1 միավոր կկորցնեն նաև այն վարորդները, ովքեր չեն կատարի հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները, կծխեն մեքենայում կամ կխոսեն հեռախոսով, կվարեն մեքենան առանց անվտանգության գոտիներն ամրակապելու կամ առանց սաղավարտի` մոտոցիկլետի դեպքում։ 

2 բալ կհանվի արագությունը 11–30 կմ/ժ–ով գերազանցելու, համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու, ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենքը խախտելու դեպքում, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու դեպքում։ 

3 բալ կհանվի համարանիշն այլ անձի հանձնելու, միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ, այդ թվում` հետընթաց վարելու դեպքում, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում (եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ խոչընդոտը շրջանցելու հետ), արագությունը 31–50 կմ/ժ–ով գերազանցելու դեպքում։ 

4 բալ կհանվի արագությունը 51–80 կմ/ժ–ով գերազանցելու դեպքում։

 Таблица1

Իսկ ի՞նչ է մտածում հասարակությունը 

Ինչպես ցույց է տալիս վարորդների շրջանում անցկացված հարցումը, շատերը վաղուց են ցանկանում տեսնել նման համակարգ Հայաստանում, սակայն միաժամանակ նշում են, որ այն չի կարող լիարժեք գործել։ Վարորդների կարծիքով, համակարգի լիարժեք գործելու համար երկրում դեռ չկա համապատասխան ճանապարհային ենթակառուցվածք, ընդ որում չկան որակյալ ճանապարհային գծանշումներ, կա կայանման խնդիր։ Շատ վարորդներ նաև հույս ունեն, որ ներդրված համակարգը թույլ կտա մաքրել ճանապարհներն այն «քաջերից», որոնք վտանգում են ոչ միայն իրենց, այլև շրջապատող մարդկանց կյանքը։ 

Միաժամանակ նրանք վստահ են, որ անբարեխիղճ վարորդներն արդեն լավ տեղեկացված են տեսախցիկների և արագաչափերի տեղերի մասին ու հանգիստ կարող են շրջանցել դրանք՝ խախտումներ անելով տեսադաշտից դուրս։ Սակայն շատ վարորդների մոտ՝ հատկապես տաքսիստների շրջանում, այս համակարգը դժգոհություն է առաջացրել, քանի որ, նրանց կարծիքով, անհնար է վարել մեքենան օրական 8-10 ժամ և չկատարել խախում, իսկ հաշվի առնելով այն, որ դա նրանց աշխատանքն է, ուստի համակարգը կարող է հարվածել նրանց գրպանին և զրկել աշխատելու հնարավությունից։ 

Հետգրություն 

Ձեզ օրինակ կհետաքրքրի, թե ինչպես են Գերմանիայում վարորդներին սովորեցրել հետևել ճանապարհային երթևեկության կանոններին։ Այնտեղ գոյություն ունի, այսպես կոչված, «Իդիոտեն թեսթ» (Թեսթ հիմարի համար)։ Այն ենթադրում է, որ եթե վարորդը կրկնակի խախտել է արագությունը և վճարել է աստղաբաշխական տուգանքը, ապա հերթական ծանուցման հետ նա ստանում է նաև «Իդիոտեն թեսթ» անցնելու ուղեգիր։ 

Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը համարում է, որ եթե ո´չ առաջին, ո´չ երկրորդ անգամից դուք այդպես էլ չեք հասկացեք և երրորդ անգամ խախտել եք ճանապարհային երթևեկության կանոնը, ապա դուք (ներեցեք) պարզապես հիմար եք։ Ընդ որում ձեզ կզրկեն վարորդական իրավունքից, իսկ թեսթն անցնելու համար դուք պետք է այցելեք հոգեբանի, իսկ դա բավականին թանկ «հաճույք» է, և հաստատ չէ, որ կկարողանաք հանձնել թեսթն առաջին անգամից (ի դեպ թեսթի համար նույնպես պետք է վճարել)։ Թեսթն անցնելու համար պետք է 40 անգամ այցելել հոգեբանին (իսկ դա մոտավորապես 700 եվրո է), յուրաքանչյուր այցից հետո կնիք են դնում, որը հաստատում է, որ դուք ազնվորեն անցել և վճարել եք այցի համար։ 

Դրանից հետո դուք գնում եք թեստը հանձնելու, որում կան այնպիսի «նենգ» հարցեր, ինչպիսիք են, օրինակ. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք արբած կանգնած եք փողոցում, իսկ մոտակայքում մի կնոջ մոտ սրտի կաթված է սկսվում։ Եթե դուք նրան չօգնեք, ապա նա կարող է մահանալ։ Ձեր գործողությունները»։ Սովորական պատասխանները, ինչպիսիք են «կնստեմ ղեկին և կփրկեմ նրան», «շտապ օգնություն կկանչեմ» կամ «տաքսի կկանգնեցնեմ», չեն անցնում։ Ճիշտ պատասխանը միայն մեկն է. «Հարգելի հոգեբան, ես նույնիսկ չեմ կարող նման իրավիճակ պատկերացնել, երբ ես արբած փողոցում կանգնած լինեմ, քանի որ ես ընդհանրապես չեմ խմում»։ Այնպես որ, ավելի լավ է չխախտել երթևեկության կանոնները։ Ձեզ մաղթում ենք կանաչ ճանապարհ։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։