528.92
7.45
475.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը

19:01
06 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ծնվել է արքայազն Հարրիի և նրա կնոջ` Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի առաջնեկը։ Ինչպես գրում է Lenta.ru–ն, այդ տեղեկությունը հայտնվել է զույգի Instagram–ում։

Տղան լույս աշխարհ է եկել մայիսի 6–ին տեղական ժամանակով ժամը 05։26–ին։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3,3 կգ քաշով։

Նա կրելու է Դամբարթոնի դուքսի տիտղոսը և կզբաղեցնի 7–րդ տեղը բրիտանական թագաժառանգների թվում` պապիկից` արքայազն Չարլզից, հորեղբորից` արքայազն Ուիլյամից, նրա երեխաներից` արքայազն Ջորջից, արքայադուստր Շարլոթից և արքայազն Լուից և հայրիկից` արքայազն Հարրիից հետո։ Ծնվելիս նա չի ստանա արքայազնի տիտղոս, եթե Եղիսաբեթ II թագուհին չորոշի նման տիտղոս շնորհել։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են, որ չէին ցանկանա, որպեսզի երեխային ծնվելիս ինչ–որ տիտղոս շնորհվի, քանի որ երազում են փոքրիկին ապահովել «նորմալ մանկություն»։

Նորածինն ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, սակայն կարող է հավակնել նաև ԱՄՆ քաղաքացիության, քանի որ նրա մայրը ԱՄՆ–ի քաղաքացի է։

Արքայազն Հարրին ներկա է եղել ծննդաբերության ժամանակ։ Մեգան Մարքլն իրեն լավ է զգում։

Երեխային խնամելու հարցում զույգին կօգնի Մեգանի մայրը` Դորիա Ռեգլանդը։ Նա Լոս Անջելեսում այցելել է նորածինների խնամքի դասընթացների և Մեծ Բրիտանիա է ժամանել ապրիլի վերջին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր