ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։
Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել և պարանոցի շրջանը կտրված է։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, հսկայածավալ օպերատիվ աշխատանքի շնորհիվ, պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը՝ պարզելով, որ նա գտնվում է Երևանում։
Ոստիկանները նաև պարզել են, թե Երևանի հյուրանոցային որ համալիրում է գտնվում կասկածյալը։
Ոստիկանները հյուրանոցում բռնել և վնասազերծել են կասկածյալին, որտեղից էլ տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվածը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, 41-ամյա։ Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Կայքի տեղեկություններով, սպանություն կատարողը օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է Երևանի հյուրանոցներից մեկում, ապա այսօր գնացել է Աշտարակ՝ իր մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարելուց հետո կերպարանափոխվել է, սափրվել է, Աշտարակի խանութներից մեկից նոր հագուստներ է գնել և վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում