ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում կինը, որը երկու երեխաների հետ նետվել է պատուհանից, մահից առաջ գրություն է թողել։
Գրությունը հայտնաբերել են բնակարանում, որտեղ բնակվել է ընտանիքը, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով РЕН ТВ–ին։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, կինն ամեն ինչի համար ներողություն է խնդրել ամուսնուց։
Baza հրատարակության տվյալներով, կինը նաև խնդրել է չմեղադրել ոչ ոքի իր մահվան մեջ և ամուսնուն բանտ չնստեցնել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կինն առավոտվա ընթացքում չորս անգամ զանգել է շտապ օգնություն կրտսեր դստերը կերակրելու հետ կապված խնդիրների պատճառով։ Երեխան վատացել է սովածությունից, քանի որ կնոջ կաթը չի բավարարել։ Առաջին զանգից հետո կնոջ մոտ շտապօգնության բրիգադ չի ուղարկվել, տրվել են միայն բանավոր խորհուրդներ, շտապ օգնությունից խորհուրդ են տվել նաև դիմել մանկաբույժի։ Կինը շարունակել է զանգել։ Նշվում է, որ վերջին անգամ նա զանգել է միջադեպից մեկ րոպե առաջ։
«Մոսկովսկի կոմսոմոլեցի» հաղորդմամբ, կնոջ անունը Լյուդմիլա Սոկոլովա էր, նա 36 տարեկան էր։ Բացի Լյուդմիլայից, միջադեպի հետևանքով մահացել է նաև 9 ամսական աղջիկը։ Ավագ երեխան ողջ է մնացել, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ սպանության հատկանիշներով։ –0–