0
Եղանակը Երևանում
Հայ

Ստամբուլյան կոնվենցիա. հայկական ավանդական արժեքների սպառնալիք և մանիպուլյատիվ հնարք. փորձագետի կարծիքը

14:25
07 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արդարադատության նախարարության օգոստոսի 6-ին տարածած հաղորդագրությամբ հայտնվել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։

Հիշեցնենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ, որը հանրության մեջ հայտնի Ստամբուլյան կոնվենցիա անվամբ, առկա են մասնագիտական իրարամերժ տեսակետներ: Մասնավորապես՝ մասնագետների մի մասը պնդում է, որ այն հակասում է Սահմանադրությանը, իսկ մյուս մասն էլ հակառակը:

Այս առնչությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Բաբայանի հետ:

«Նովոստի–Արմենիա». պարոն Բաբայան, Արդարադատության նախարարությունը, փաստորեն, պետության անունից արդեն հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ առկա են թյուրընկալումներ և դրա վավերացումը բխում է հենց ՀՀ Սահմանադրությունից, մինչդեռ, ինչպես գիտենք, բազմաթիվ իրավաբան-գիտնականներ հակառակն են պնդում:

Բաբայան. նախ նկատենք, որ միջազգային իրավական ակտերի վերաբերյալ պետության անունից չի կարող հանդես գալ գործադիր իշխանությունը, առավել ևս դրա մեկ անդամը, այն պարզ պատճառով, որ այդ ակտերի վավերացումը պարտադիր անցնում է իշխանության երեք ճյուղերի միջով: Գործադիրն իր հավանություն տալուց հետո ուղարկում է Սահմանադրական դատարան, որից հետո, եթե առկա է ՍԴ-ի դրական եզրակացությունը, ուղարկում է Ազգային ժողովի հաստատմանը, հետևաբար՝ իմ կարծիքով, արդարադատության նախարարությունը դրսևորել է շտապողականություն և վերազանցել է իր լիազորությունները:

«Նովոստի–Արմենիա». բայց արդարադատության նախարարությունը, փաստարեն, արդեն նշել է, որ կոնվենցիայի վավերացումը բխում է Սահմանադրությունից:

Բաբայան. Նախ նկատենք, որ Սահմանադրությունից բխելն ու սահմանադրականությունը էապես տարբեր երևույթներ են: Իրավական ակտի նախագիծը կամ վավերացման ենթական կոնվենցիան իսկապես կարող են բխել Սահմանադրությունից, բայց այդ ակտի տեքստն արդյո՞ք համապատասխանում է Սահմանադրությանը և սահմանադրական է, թե ոչ, շատ տարբեր բաներ են: Հենց այս հարցերի պատասխանն էլ, մեր Սահմանադրության համաձայն, կարող է տալ բացառապես Սահմանադրական դատարանը, իսկ պաշտոնական պնդումը, որ վավերացումը բխում է Սահմանադրությունից, ունի մեկ հիմնական նպատակ, այն է՝ բառախաղի միջոցով (բխել Սահմանադրությունից և սահմանադրականություն) հանրության մոտ ստեղծել կանխակալ դիրքորոշում կամ կարծիք, թե իբր կոնվենցիան համապատասխանում է Սահմանադրությանը, ինչը հայտնի մանիպույլացիոն հնարք է։

«Նովոստի–Արմենիա». իսկ Ձեր կարծիքով, որն է այդ կոնվենցիայի կռվանը: Ինչո՞վ է այն հակասում Սահմանադրությանը:

Բաբայան. ձեր այն հարցին, թե ինչով է այն հակասում Սահմանադրությանը, չեմ փորձի պատասխանել, քանի որ շուտով այդ հարցի պատասխանը պետք է տա իրավասու միակ մարմինը, Սահմանադրական դատարանը: Ինչ կարծիք էլ, որ ես հայտնեմ հիմա, դա կարող է սխալ մեկնաբանվել կամ ընկալվել: Իսկ ինչ վերաբերվում է կռվանին, ապա հիմնական խնդիրը, իմ համոզմամբ, «գենդեր» եզրույթն է ու կոնվենցիայով դրա մեկնաբանությունը և պարտադիր պահանջը, որ ՀՀ օրենսդրությունը հետագայում է պետք է համապատասխանեցվի հենց այդ սահմանմանը: Այսինքն՝ մեր ամբողջ օրենսդրությունը պետք է փոփոխվի այնպես, որ համապատասխանի «գենդեր» եզրույթի իմաստային մեկնաբանությանը:

«Նովոստի–Արմենիա». իսկ ինչո՞վ է վտանգավոր «գենդեր» եզրույթը: Բազմաթիվ մարդիկ պնդում են, որ այն նշանակում է սեռ:

Բաբայան. Եզրույթի վտանգավորությունը մեր իրավական համակարգում սկսվում է ազգային մտածողությունից, ազգային արժեքներից ու ավանդույթներից: Ի դեպ, նկատեմ, որ Կոնվենցիան իր կառուցվածքով պարտադրում է ազգային ավանդույթները մղել երկրորդ կամ երրորդ պլան և առաջ շարժվել այսպես կոչված ժամանակակից մտածողությամբ, քանի որ թյուր կարծիք կա, թե մեր ազգային արժեքների անբաժան մասն է կազմում կանանց ստորադասելը տղամարդկանցից: Այդպիսի բազմաթիվ դրույթների կարելի է հանդիպել Կոնվենցիայում:

Իսկ ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք «Գենդեր»-ը նույն «Սեռ» եզրույթն է, պետք է նկատեմ, որ «Գենդեր» եզրույթը չի տեղավորվում սեռերի կենսաբանական նշանակության մեջ: Ավելին, սեռականության ոլորտում «Գենդեր» եզրույթի ողջ իմաստը կայանում է հենց նրանում, որ սեռերը՝ իգական և արական, հենց կենսաբանականից առանձնացնելն է, այսինքն՝ անհրաժեշտ է համարվում հասնել նրան, որ «տղամարդը» և «կինը» որևէ կերպ պայմանավորված չլինի նրանց կենսաբանական սեռով, այլ՝ կանացիությունն ու տղամարդկայնությունը հիմնված լինի սոցիոմշակութային իմաստի վրա: Էլ ավելին՝ «Գենդեր» եզրույթի արմատավորմամբ հրապարակ է բերվում «երրորդ սեռ» հասկացությունը, քանի որ, ըստ սեռականության ոլորտի գրականության, Գենդերային ինքնությունն այն է, ինչը դու ունես քո գլխում հասարակության մեջ քո դերի մասին` կին, տղամարդ կամ այլ գենդեր՝ տրանսգենդեր: Այս իմաստով նրանք, ովքեր դեմ են արտահայտվում Կոնվենցիայի վավերացմանը, հստակ տեսնում են վտանգ, որ դրանով պարտադրվում է թույլատրել միասեռ (կենսաբանական) ամուսնությունները: Վտանգ են տեսնում, որ միասեռականություն է քարոզվում, ինչը խաթարում է ավանդական ազգի արժեքները:

Բայց, հաշվի առնելով, որ դեռ Սահմանադրական դատարանը պետք է քննության ենթարկի Կոնվենցիան, ինչպես նաև դեռ կլինեն մասնագիտական լայն քննարկումներ, թույլ տվեք այսքանով սահմանափակվել:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։