ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։
«Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը», – նշել է Մայիլյանը`հավելելով, որ հետամուտ է այդ գործին և ունի քաղաքական կամք՝ 2020 թվականին ապահովելու համապատասխան պայմաններ՝ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը հաղթահարելու և 2-րդ օպերատորի՝ Արցախ մուտք գործելու համար։
«Ի՞նչ կտա դա մեզ բոլորիս։Առաջին հերթին՝ որակյալ ու ցածր գներով շարժական կապ։ Մրցակցությունը գործող օպերատորին կստիպի իր բաժանորդների համար նվազեցնել սակագները։ Ապա՝ ժամանակակից 4G/LTE ձևաչափով որակյալ և մատչելի շարժական համացանցի հասանելիություն։ Նոր աշխատատեղեր, առաջին հերթին՝ երիտասարդ մասնագետների համար։ Երկրորդ օպերատորի մուտք գործելուց կշահեն նաև ոլորտի փորձառու աշխատակիցները, ովքեր կունենան այլընտրանք՝ մասնագիտական գիտելիքները ներդնելու նոր ընկերությունում», – ընդգծել է Արցախի ԱԳ նախարարը։
«Եվ վերջապես՝ կունենանք սահմանամերձ գոտում պաշտպանված կապ և Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգի փաստացի վերացում», – նշել է Մասիս Մայիլյանը։
Նշենք, որ 2008 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրային ծառայությունները կարգավորող և տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել, որ «Ղարաբաղ տելեկոմ» հեռահաղորդակցային ընկերությունը մենաշնորհային է ճանաչվել ֆիասված և բջջային կապի տրամադրման ոլորտում և գերիշխող սուբյեկտ` Լեռնային Ղարաբաղի ինտերնետ կապի ոլորտում։
«Ղարաբաղ Տելեկոմ» ԲԸ–ն գործում է ԼՂՀ հեռահաղորդակցության ոլորտում 2002 թվականի փետրվարից` ապահովելով հանրապետության տարածքի 95 տոկոսի բջջային ծածկույթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում