ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) հրապարակել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնազերծված զեկույցները Լեռնային Ղարաբաղի մասին։ Փաստաթղթերը հրապարակվել են Twitter–ի էջում։
«Խռովություններ Կովկասում և ազգայնականության մարտահրավեր» վերնագրով փաստաթղթում (1988թ.–ի օգոստոս) խոսվում է Արցախում միջէթնիկ հակամարտության ակունքների մասին։
«1920–ականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոնի` Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին ենթակայելու որոշումը հայերի մշտական, սակայն երկար ժամանակ թաքցված հիասթափության աղբյուրներից է», – նշվում է փաստաթղթում։
Փաստաթղթում նաև նշվում է, որ ադրբեջանցիների թշնամանքը հայերի նկատմամբ ուժգնանում էր քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական միտումներով, որոնք բացասաբար են ազդել ադրբեջանցիների քաղաքական կարգավիճակի վրա և ավելացրել են տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի կենսամակարդակի միջև։ Մասնավորապես, Ադրբեջանի երիտասարդ սերնդի արագ աճը հանգեցրել է նրան, որ հանրապետությունն ի վիճակի չի եղել ապահովել պատշաճ կրթություն, աշխատանք, բնակավայր, ինչից հետո ադրբեջանցիների հիասթափությունը դրսևորվել է հայերի վրա հարձակումներով։
Բացի այդ, ԿՀՎ–ի գաղտնազերծված զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ստեղծվել է 1923թ.–ին կոմպակտ բնակվող հայերի տարածքում, որոնք շրջապատված են եղել թուրքերով բնակեցված բնակավայրերով։ Հայկական բնակչությունը կազմում էր 89%, իսկ ադրբեջանականը` 10%։–0–