ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի շրջանակում Հունաստանում հաղթելու կապակցությամբ։
«Երկու խաղում 6 գոլ եւ երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով», – գրել է վարչապետը Facebook–յան իր էջում։
Նախօրեին Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում 3։2 հաշվով առավելության հասավ Հունաստանի հավաքականի նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում։ Հանդիպման 8-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը բացեց խաղի հաշիվը: Իսկ արդեն 33-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը հիանալի գոլով կրկնապատկեց խաղի հաշիվը: Հանդիպման 74-րդ րոպեին էլ Տիգրան Բարսեղյանը խփեց Հայաստանի հավաքականի երորրդ գոլը։–0–