ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը կարծում է, որ հայկական հավաքականը կարող է հայտնվել Աշխարհի առաջնությունում։
«Պարզապես պետք է աշխատել։ Ինչու՞ իսլանդացիները կարող են խաղալ եզրափակիչ փուլում, իսկ Հայաստանը` ոչ։ Մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք և առաջ ընթանանք։ Հարկավոր է ստեղծել մեկ` շատ ամուր թիմ, որն ապագայում կհասնի հաջողությունների», – հայտարարեց Մելենդեսը երեքշաբթի Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։
Նա հայտարարեց, որ ամեն ինչի միայնակ է հասել և հիմա ցանկանում է իր գիտելիքները փոխանցել Հայաստանին։
«Շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան։ 18 տարի աշխատել եմ Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում և հիմա եկել եմ մի երկիր, որտեղ շատ են սիրում ֆուտբոլը», – ասաց Մելենդեսը։
«Սա մեծ մարտահրավեր է ինձ համար։ Ինչու՞ չօգնել մի երկրի, որտեղ այդքան շատ են սիրում ֆուտբոլը», – հայտարարեց իսպանացի մասնագետը։
Մելենդեսը նաև նշեց, որ իր խնդիրն է դնել հիմք, որն ապագայում կծառայի հայկական ֆուտբոլին։
«Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները խաղան և աշխատեն նույն մեթոդաբանությամբ, ինչը մի քանի տարի անց կարտացոլվի նաև երկրի գլխավոր հավաքականի վրա», – նշեց Մելենդեսը։
Նրա խոսքով, աշխատանքի հիմնական իմաստն այն է, որ տարիքային բոլոր հավաքականների մարզիչներն օգնեն միմյանց, իսկ ֆուտբոլիստներն, անցնելով մի տարիքային հավաքականից մյուսը, ֆիքսեն առաջընթաց։
«Երբ ֆուտբոլիստն անցնի մի տարիքային հավաքականից մյուսը, նա պետք է աստիճանաբար կատարելագործվի։ Այս սկզբունքն առանցքային է Իսպանիայում», – ընդգծեց Մելենդեսը։
«Բոլորը պետք է աշխատեն միևնույն մեթոդաբանությամբ։ Մենք արդեն 15 օր է աշխատում ենք Հայաստանում մարզիչների ուսուցման ընդհանուր մեխանիզմի ներդրման վրա։ Շատ մեծ է նարզիչի դերը ֆուտբոլիստի առաջընթացի գործում», – նշեց Մելենդեսը` հավելելով, որ հայկական ֆուտբոլում կան տաղանդավոր խաղացողներ։
«Հարկավոր է համբերատար աշխատել, և ժամանակի ընթացքում արդյունքը կերևա», – ավելացրեց Մելենդեսը։–0–