ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ծագումով հայ, ամերիկացի թեթև աթլետ Էլիսոն Հալվերսոնը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ցանկանում է ներկայացնել Հայաստանը 2020 թ.-ի ամառային Օլիմպիական խաղերին:
Մարզիկն իր Instagram-յան էջում Հայաստանից նկար է հրապարակել, որտեղ նրա ձեռքում հայկական անձնագիր է:
«Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ: Սա իմ ամենահպարտ նվաճումներից մեկն է: Մոտ 100 տարի առաջ իմ նախնիներն ապրել են ամենածանր ժամանակները, որ երբևէ եղել է աշխարհում… նրանցից շատերը մահացել են անասելի ձևով, բայց իմ պապիկին հաջողվել է փրկվել՝ հագնելով աղջկա զգեստ և նավով հասնելով Էլլիս կղզի: Առանց իմ նախնիների զոհողությունների և քաջության ես այսօր այստեղ չէի լինի: Ես սիրահարվել եմ այս հիանալի, գեղեցիկ, հյուրընկալ և ուժեղ երկրին և անհամբերությամբ սպասում եմ, թե ապագան ինչ է նախատեսել ինձ և Հայաստանի համար»,- գրել է Էլիսոնը նկարի մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ նա մեկ այլ նկար էր հրապարակել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան մոտից և գրել, որ վերադառնում է արմատներին: «Հպարտ եմ, որ հայ եմ»,- գրել է նա:
timesofsandiego.com-ին տված հարցազրույցում նա ասել է, որ համագործակցում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ և ցանկանում է ներկայացնել Հայաստանը 2020 թ.-ի Օլիմպիական խաղերում:-0-