421.93
4.27
388.09
+9
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը կարող է դառնալ յուրատեսակ կենտրոն աշխարհի գուրմանների համար․ Yerevan Gastronomic Days–ի հիմնադիրներ

12:21
29 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 7-ին, 8-ին, 9-ին Երևանում երկրորդ անգամ անցկացվող Yerevan Days-ի նախաշեմին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում EventToura-ի համահիմնադիրներ և Yerevan Days-ի կազմակերպիչներ Մերի Բադալյանը և Նունե Մանուկյանը խոսել են այն մասին, թե ինչու միջոցառումը թույլ կտա Հայաստանին դառնալ կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև, ինչպես նաև ուխտագնացության կենտրոն ամբողջ աշխարհից ժամանած խոհարարական գուրուների համար:

«Նովոստի–Արմենիա»․ ինչպե՞ս առաջացավ Երևանում Գաստրոնոմիկ օրերի անցկացման գաղափարը։

Մ.Բադալյան․ դեռ 2019 թվականին հասկացանք, որ միայն գինու համտեսն և ուրախ ժամանցը բավարար չեն, պետք է նաև բովանդակային մաս ավելացնել։ Բրոշյուրները, ինչպես պարզվեց, չաշխատեցին, մարդիկ ուզում էին տեղում ստանալ կոնտենտ, ցանկալի է շոուի տեսքով։ 2019 թվականին արդեն տեղադրեցինք փոքրիկ տաղավարներ, որտեղ սոմելյեներն ու գինեգործները պատմում էին իրենց գինիների մասին, զրուցում գաստրոնոմիկ թեմաների մասին։ Որոշ ռեստորաններ իրենց տաղավարներում շուոներ էին ներկայացնում և պատրաստում սնունդ: Մենք զգացինք, որ այս բաղադրիչի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Հասկացանք, որ պետք է ինչ-որ մասշտաբային բան անել՝ ուշադրություն գրավելու համար։ Որոշեցինք Գաստրոնոմիկ օրերն առանձնացնել Գինու օրերից և դրանց նոր իմաստ հաղորդել։
Yerevan Days

2023 թվականին դիմեցինք մի քանի դեսպանատների։ Առաջինն արձագանքեց ԱՄՆ դեսպանատունը, որը հրավիրեց ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, «Chopped» խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագին։ Մեզ խնդրեցին նրան տրամադրել փոքրիկ տաղավար շոուի համար, ինչը թույլ տվեց այլ կերպ ներկայացնել Երևանի գինու օրերը։ Այդ ժամանակ հասկացանք, որ հնարավորություն ստացանք Հայաստան ներգրավել առանձին տուրիստական հատված։ Եվ դա դարձավ առաջին «թրիգերը»։

Ն. Մանուկյան․ Գինու օրերի մեկնարկից ի վեր մենք առաջարկում ենք ռազմավարական երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են Հայաստանի զարգացմանն ու ճանաչելիության ավելացմանը: Օրինակ՝ հայկական գինիների առաջխաղացման համար 2019թ․–ից ներգրավել ենք բլոգերների։ Մեր առաքելությունն է ճիշտ դիրքավորել հայկական խոհանոցը, նրա ինքնատիպությունը։ Ցանկանում ենք այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որոնք ոչնչով չեն զիջում միջազգայիններին, և կունենան օտարերկրյա այցելուներ։

Мэри Бадалян

«Նովոստի–Արմենիա»․ ակնհայտ է, որ դուք մանրամասն ուսումնասիրել եք գաստրոնոմիկ փառատոների անցկացման միջազգային փորձը։ Դրանցից ո՞րն եք պատրաստվում օգտագործել Հայաստանում, ո՞ր փառատոներն եք համարում առավել հաջողված։

Մ.Բադալյան․ երջանիկ հնարավորություն ունեցա ծանոթանալ աշխարհահռչակ շեհ խոհարարներ Ջեյմի Օլիվերի և Գորդոն Ռամզիի հետ։ Ես հասկացա, թե որքան են նրանց անունները գրավում զբոսաշրջիկներին և միշտ երազել եմ նրանց հրավիրել Հայաստան։ Մենք Ջեյմի Օլիվերին հրավիրել ենք այցելել հաջորդ տարի:

Ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա Նունեի հետ այս տարի այցելել ենք մի քանի եվրոպական և ամերիկյան գաստրոնոմիկ փառատոներ։ Ամենահայտնի ու հետաքրքիր փառատոներից մեկը, իմ կարծիքով, Madrid Fusion–ն է։ Հետևում ենք նաև միջազգայի այլ ֆուդ–փառատոների, որոնք անցկացվում են տարբեր ձևաչափերով՝ լայն լսարանի և պրոֆեսիոնալների համար։ Օրինակ՝ Taste of Moscow–ն, Qatar International Food Festival–ը, Wine and Food Festival in Disneyland EPCOT–ը և այլք։ Փորձել ենք այս փորձը ադապտացնել Հայաստանին, քանի որ բացօթյա փառատոն ենք անցկացնում, ինչը ենթադրում է կազմակերպչական համակարգի փոփոխություն, կան որոշակի սահմանափակումներ, բայց միաժամանակ կան նաև հնարավորություններ։

Yerevan Days

Ն.Մանուկյան․ մենք միանգամից մի քանի նպատակ ենք հետապնդում. Մասնավորապես, Հայաստանում գաստրոնոմիկ փառատոն անցկացնելով՝ ծանոթացնում ենք հայկական էկոարտադրանքի հետ, ինչը հետագայում թույլ կտա հեշտությամբ առաջ մղել արտադրանքի արտահանումը։

Մ. Բադալյան․ փառատոնին մասնակցելու համար հրավիրել ենք հայտնի շեֆ խոհարար Զարմիկ Գալաջյանին, ով Կատարի food փառատոնի համահիմնադիրն է: Եվրոպայից կգա Միշլենի երկու աստղի արժանացած Ալեն Ալեքսանյանը, ում շնորհիվ Հայաստան կայցելի Միշլենի աստղի և Bocuse d'Or-ի արժանացած Դևի Տիսոն։ Հաջորդ տարի կրկին Ալեն Ալեքսանյանի թեթև ձեռքով մեր երկիր կայցելի Միշլենի երեք աստղերի և մեկ Bocuse d'Or-ի արժանացած Ռեժիս Մարկոն։ Սրանք անուններ են, որոնք մեր երկրի վրա կգրավեն ամբողջ աշխարհի ուշադրությունը։

Մեզ համար կարևոր է Հայաստանը դարձնել հարթակ խոհարարական միաձուլման և Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի կայուն զարգացմանը և ճիշտ սննդակարգին վերաբերող կարևոր թեմաների քննարկման համար։

Нуне Манукян.jpg

«Նովոստի–Արմենիա»․ ինչը՞ կդառնա Yerevan Day–ի առանձնահատկությունն՝ ի տարբերություն միջազգային նմանակների։

Մ․ Բադալյան․ կկազմակերպվի ծանոթություն հայկական խոհանոցի հետ, որը կներկայացնեն այլ երկրների հայազգի շեֆ խոհարարները: Մենք կխոսենք մեր խոհարարության ինքնության մասին, կբանավիճենք այն թեմայի շուրջ, թե ինչպես կարող է հայկական խոհանոցը դառնալ սփյուռքահայերին համախմբելու գործոն։ Ամեն տարի պատրաստվում ենք ներկայացնել միջազգային մակարդակի մի քանի հայ շեֆ խոհարարներ և ռեստորաններ։

Ն․ Մանուկյան․ կարևոր է նաև այն, որ մենք փորձում ենք հասարակությանն ու բիզնեսին պատմել Միջին Արևելքի մասին։

«Նովոստի–Արմենիա»․ որպես Yerevan Days-ի համահիմնադիրներ՝ նպատակ ունե՞ք Երևանը դարձնել աշխարհի գաստրոնոմիկ մայրաքաղաք, յուրատեսակ կենտրոն գուրմանների համար:

Մ․ Բադալյա, Ն․ Մանուկյան․ այո, իհարկե։

Yerevan Days

«Նովոստի–Արմենիա»․ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսված է, ի՞նչ կտա դա Երևանին և ընդհանրապես Հայաստանին։

Ն.Մանուկյան․ առաջին հերթին լայն ճանաչում։ Ժամանակն է ազատվել կարծրատիպերից։ Այս տարի, օրինակ, հրավիրված է շեֆ խոհարար Չինաստանից, իսկ հաջորդ տարի հույս ունենք հրավիրել խոհարարների Վրաստանից։

Մ.Բադալյան․ բացի այդ դա կնպաստի հայկական գինու արտահանման ծավալների ավելացմանը։ Հայաստանը չի կարող գինի արտադրել միջազգային զանգվածային շուկայի համար։ Մեր սեգմենտը բացառիկ, էքսկլյուզիվ, բուտիկային գինին է, HORECA–ի հատվածը: Ուստի պետք է աշխատենք հատկապես հայազգի շեֆ խոհարարների հետ, ովքեր առաջ կմղեն մեր գինիները։

Դժվար է ասել, թե այս տարի փառատոնի արդյունքում որքան զբոսաշրջիկ կայցելի Երևան, սակայն գաստրոնոմիկ օրերը կարող են նպաստել զբոսաշրջիկների մի ամբողջ հատվածի Հայաստան ժամանելուն։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում 3-7 օրվա ընթացքում ծախսում է միջինը 1000-1500 դոլար։ Եթե Գինու օրերին Երևան է այցելում 25 հազար զբոսաշրջիկ, ապա սա առնվազն 25 միլիոն դոլար է։ Միայն այս տարի Գաստրոնոմիկ փառատոնին կարող է այցելել 1000 զբոսաշրջիկ, բայց դրանք կլինեն ապահովված մարդիկ, ովքեր սովորաբար այցելում են նման միջոցառումների։

Ն․ Մանուկյան․ հետագայում դա կարող է նաև հանգեցնել հաղորդակցության ստեղծմանը աշխարհահռչակ շեֆ խոհարարների և նրանց հայ գործընկերների միջև։ Փառատոնին մասնակցող շեֆ խոհարարները վարպետության դասեր կանցկացնեն երևանյան ռեստորաններում, ինչը կարող է հետաքրքիր համագործակցության սկիզբ դառնալ։ Երևանյան ռեստորանները հնարավորություն կունենան բազմազան դարձնել իրենց մենյուն, այլ կերպ պատրաստել արդեն ծանոթ ուտեստները, փոխանակվել փորձով։

Yerevan Days

«Նովոստի–Արմենիա»․ Հին ժամանակներից մարդկանց հետաքրքրում էր երկու բան՝ «հաց և տեսարժան իրադարձություն»։ Հացի հարցը լուծեցինք, ի՞նչ կասեք տեսարժան իրադարձությունների մասով։

Մ.Բադալյան․ տեսարժան իրադարձություն կդառնան շեֆ խոհարարների շոուները։ Նրանց կօգնի պրոֆեսիոնալ հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը։ Նրանք կպատրաստեն ուտեստներ, կխոսեն ճաշատեսակների մասին, կպատասխանեն հանդիսատեսի հարցերին։ Մենք պատրաստել ենք առնվազն 6 նվեր յուրաքանչյուր շոուի հանդիսատես մասնակիցների համար, ովքեր նաև հնարավորություն կունենան համտեսել պատրաստած ուտեստները։

Ն․ Մանուկյան․ շոուները բացառիկ հնարավորություն կդառնան մոտիկից տեսնել աստղին, մոտենալ նրան և շփվել։

Yerevan Days

«Նովոստի–Արմենիա»․ Ձեր փառատոնը կունենա նաև կարևոր սոցիալական բաղադրիչ՝ սննդի թափոնների կառավարում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն օր աշխարհում ոչնչացվում է 1 տրիլիոն դոլարի սնունդ։ Ինչպե՞ս եք թիրախավորում այս խնդիրը:

Ն. Մանուկյան․ ի սկզբանե պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ անում ենք: Եվ թեմաներից մեկը բնության պաշտպանությունն է։ Երբ անկաշկանդ ենք խոսում այդ մասին, այն ավելի լավ է ընկալվում։ Հայաստանում սննդամթերքի թափոնների և պլաստիկի հետ կապված իրավիճակը շատ ծանր է. Հատկապես, երբ հաշվի առնենք, թե որքան շատ են պատրաստում երևանյան ռեստորաններում և որքան սնունդ են նետում։

Մ.Բադալյան․ սննդի թափոնների խնդիրը դիտարկել ենք երկու ասպեկտներում՝ իրավական և կենցաղային։ Ամեն անգամ, մեծ տոնակատարությունների ժամանակ, դեն է նետվում սնունդ, որը կարող էր ուտել 200 մարդ։ Միաժամանակ կանոնակարգերը թույլ չեն տալիս այդ սնունդը փոխանցել, օրինակ, ծերանոցներին։ Խանգարում են նաև հայ հասարակության շրջանում առկա կարծրատիպերը։ Այս խնդիրը Երևանում քննարկել ենք ՄԱԿ-ի պարենային ծրագրի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել ենք միջազգային փորձը, պատրաստի սննդի տեղափոխման համար օգտագործվող հավելվածները։ Կարևոր է, որ այս խնդիրը բարձրաձայնվի մեր հարթակում։ Դա հնարավորություն կտա լուծումներ գտնել, կոտրել հայ հասարակության կարծրատիպերը և օգնել կարիքավորներին։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր