ԵՐԵՎ ԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների:
«Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նսիտին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվի նիստին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի և գնանք ավագանու նոր ընտրությունների»,-ասաց նա Facebook-յան իր էջում:
Մարությանը բացատրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամները՝ Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը ֆիսիզիկապես չեն կարող ներկա գտնվել նիստին, քանի որ Գալստյանը կալանքի տակ է, իսկ Ուրիխանյանը հետախուզման մեջ է, այդ իսկ պատճառով հնարավոր չի դառնում ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը:
Նա հայտնել է, որ մամուլից տեղեկացել է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարության մասին, որով հայտարարել են, որ չեն գնում նիստին, որպեսզի քվորում չապահովվեն և գնան նոր ընտրությունների:
«Այստեղ միայն մնում է «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե այս կուսակցությունը անգամ մեկ հոգով գնա և ներկա գտնվի նիստին, կարող է ոչ մեկին չընտրել, ձեռնպահ լինել և այլն, ապա նիստը կկայանա և կընտրվի իշխանական թեկնածուն: Եթե «Հանրային ձայն»-ը չի գնում նիստին, նիստը չի կայանա, քաղաքապետ չի ընտրվի և իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում: Սա այն երկու տարբերակն է, որն ունի է «Հանրային ձայն» կուսակցութունը, որոշումն իրենք կկայացնեն, թե ինչպես կանեն, իսկ ձեզ սիրելի երևանցիներ կխնդրեմ ուշադիր հետևել բոլոր կուսակցությունների գործողություններին, ոչ թե նրանք ինչ են ասում,այլ՝ ինչ են անում»,-ասաց Մարությանը:
Նշենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Վահագն Կարապետի Հայրապետյանը, Մարգարիտ Վահանի Խաչատրյանը, Ռուզաննա Գրիգորի Երեմյանը։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ամփոփել է սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» – 7 մանդատ:-0-