ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում մեծ շուքով նշեցին Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի մեջ կոչվում է նաև Վարդավառ։
Տոնի շունչը զգացվում էր ամենուր` Բաղրամյան պողոտայում գորգեր էին լվանում, Կարապի լճում իրար վրա ջուր էին ցողում, տոնակատարությանը մասնակցում էր նաև ԱԻՆ–ի ջրցանը, Հանրապետության հրապարակում մարդիկ մտել էին շատրվանների մեջ։
Հայաստանում նախօրեին` հուլիսի 28–ին, նշեցին Վարդավառը` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:–0–