ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, այցելեցին երևանյան գրախանութներից մեկը։
«Ինչպես գիտեք այսօր Գիրք նվիրելու օրն է, մենք Աննայի հետ եկել ենք գրախանութ գիրք գնելու և հետո նվիրելու համար», – Facebook–յան էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետը։
Նա տիկնոջ հետ մտավ գրախանութ, շնորհավորեց այցելուներին Գիրք նվիրելու օրվա կապացկությամբ և խանութի աշխատակցի օգնությամբ սկսեց գրքեր ընտրել։
Փաշինյանը մասնավորապես հետաքրքրվեց ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններով։
Նա մասնավորապես ընտրեց Չարենցի ստեղծագործությունները, ժամանակակից պոեզիայի ժողովածու, հոգեբանական տրիլեր, Համո Սահյանի ստեղծագործությունները։ Ընտրելով մոտ 10–15 գիրք` Փաշինյանը տիկնոջ հետ մոտեցավ դրամարկղին և սովորական գնորդի պես հերթ կանգնեց։ Գնելով գրքերը` Փաշինյանը տիկնոջ հետ դուրս եկավ խանութից և փողոցում բարևելով անցորդներին` սկսեց գրքեր նվիրել։
Փետրվարի 19–ին` մեծանուն հայ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։–0–