ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը։
ԲԿ է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով:
Մոր պատմելով նրա որդին` Կարենը, բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը:
Նրան անմիջապես բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է երեխայի մոտ եղել է ասֆիքսիա ( շնչահեղձություն), լարինգոսպազմ (ձայնալարերի սպազմ), գիտակցության կորուստ, սրտի կանգ:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի և բուժանձնակազմի ջանքերով հաջողվել է փրկել երեխայի կյանքը: Ձեռնարկվել են սիրտթոքային վերակենդանացման միջոցառումներ, շնչափողի ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության ապարատ: Սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է մանկական բժշկական հաստատություն:–0–