ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․Հյուսիսային պողոտայի պատանի երգիչ Արեն Խաչատրյանն արդեն Մոսկվայում է:
Այս մասին տեղեկանում ենք ռուս բլոգեր, երգիչ Դավայի Istagram-յան էջից:
Ռուսաստանում հայտնի բլոգեր և երգիչ Դավան (Դավիթ Մանուկյան) օգոստոսին Հայաստանում էր:
Դավան խոստացել էր, որ կօգնի կատարել երևանցի տաղանդավոր փողոցային երաժշտի՝ Արեն Խաչատրյանի երազանքը, որի կատարումները Հյուսիսային պողոտայում արդեն ցնցել էին համացանցը։
«Չկարողացա անցնել նման տաղանդավոր երաժշտի կողքով, ուզում եմ նրան շանս տալ և օգնել կատարել երազանքը։ Օրերս նա արդեն կայցելի Մոսկվա, և մենք կսկսենք աշխատել նրա երաժշտության վրա»,- գրել էր Դավան Հայաստան կատարած այցի ժամանակ:
Տպավորվելով Արենի տաղանդով՝ բլոգերը հանդիպել էր տղայի ծնողներին ու թույլտվություն ստացել, որպեսզի Արենին հրավիրի Մոսկվա՝ նրա երաժշտական կարիերայով զբաղվելու նպատակով:
Տղայի ծնողներն ընդունել էին բլոգերի առաջարկը՝ նշելով, որ Արենը Մոսկվա կմեկնի ավելի ուշ:
Այսպիսով, պատանի երգիչն արդեն Մոսկվայում է: Դավան էլ, ինչպես խոստացել էր, հանդիպել է նրան ու Արենին աջակցում է իր երազանքը կյանքի կոչելու հարցում: Բլոգերի Instagram-ում տեղադրված տեսանյութերից պարզ է դառնում, որ Դավան Արենի համար նոր երգ է գրել:
«Երգն արդեն պատրաստ է, ու այն շուտով հիթ է դառնալու»,-ասել է բլոգերը:

Փոքրիկ երաժիշտ Արեն Խաչատրյանը ևս իր Istagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ տղան գրել է, որ ամեն օր աշխատում են, և նոր հիթը շուտով պատրաստ կլինի:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում