ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերը ամանորյա զեղչերի ամիս է, երբ գործում են տարաբնույթ ակցիաներ։ Ինչպե՞ս չխճճվել գրավիչ առաջարկների տեղատարափում և ճիշտ կողմնորոշվել նվերներ գնելիս։ Չէ՞ որ հայտարարելով զեղչեր` խանութներն ավելի շատ մտածում են իրենց եկամտի մասին, քան գնորդների շահերի և դրա համար դիմում են տարաբնույթ հնարքների։ Հիմա, երբ շատերը ֆինանսական խնդիրներ ունեն, հատկապես կարևոր է ոչ միայն ժամանակին հայտնաբերել ծուղակները, այլև հաջողությամբ խուսափել դրանցից։
Загружается новость ... "Лево"
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը պատմում է ամենատարածված հնարքների մասին, որոնց դիմում են խանութները նախատոնական զեղչերի ժամանակ, ինչպես նաև ներկայացնում է 8 խորհուրդ` ինչպես խուսափել ավելորդ ծախսերից։
Զեղչերի գաղտիքները

Ցանկացած զեղչ առաջին հերթին նախատեսված է իմպուլսիվ, տպավորվող մարդկանց համար, ովքեր հեշտությամբ հավատում են զեղչեր և բոնուսներ խոստացող գովազդներին։ Այդ պատճառով պետք է վերահսկել իրավիճակը զեղչերի ժամանակ խանութներ գնալիս և չկատարել չնախատեսված գնումներ։
Զեղչերի առավելություններից ճիշտ օգտվելու համար ավելի լավ է նախօրոք ուսումնասիրել այն իրերի գները, որոնք ցանկանում եք գնել զեղչերի ժամանակ, որպեսզի հետո պատկերացում ունենաք այն մասին, թե որքան են նվազել գները և արդյո՞ք նվազել են։
Երբ զեղչերը հայտարարվեն, կարևոր է պարզել դրանց գործողության ժամկետը, քանի որ հաճախ զեղչերի մասին հայտարարությունները հայտնվում են շատ ավելի շուտ, քան դրանք սկսում են գործել։ Բացի այդ, շատ խանութներ հիմնական զեղչերն անում են ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ Նոր տարվա առաջին օրերին։
Եթե դուք ունեք զեղչի քարտ այն խանութում, որտեղ հայտարարվել են զեղչեր, փորձեք պարզել նախատոնական զեղչը գումարվու՞մ է ձեր քարտի զեղչին, թե՞ ոչ, քանի որ երբեմն այդպես լինում է, իսկ ձեզ «մոռանում են» դրա մասին զգուշացնել։
Վաճառողների առավել տարածված հնարքները

«Երկու գին», այս` արդեն դասական դարձած հնարքն օգտագործում են գրեթե բոլոր խանութները։ Զեղչերից առաջ որոշ` հաճախ ոչ տարածված և հին ապրանքների գները բարձրացվում են, իսկ հետո գնապիտակի վրա ջնջվում է «հին» գինը, և իրը վաճառվում է «նոր» գնով, որով այն վաճառվում էր նախկինում։
«Գնիր մեկը, ստացիր երկրորդը նվեր» ակցիան նույնպես լայնորեն օգտագործվում է որպես խայծ գնորդների համար: Որպես կանոն, հայտարարելով նման ակցիաներ, վաճառողները ձերբազատվում են հնացած ապրանքներից, հնարավոր է՝ նույնիսկ պիտանելիության ժամկետն անցնող: Նմանատիպ հնարք է թանկարժեք գնումների համար նվերը, օրինակ՝ պատյան` գնված պլանշետի համար: Որպես կանոն, սիմվոլիկ նվերներ առաջարկվում են կամ թանկարժեք գնումների կամ հնացած ապրանքների համար:
«Գեղեցիկ թուփը» նույնպես վաճառողների հնարքներից մեկն է օծանելիքի վաճառքի ժամանակ: Ամանորյա տոներից առաջ հսկայական քանակությամբ գեղեցիկ տուփերի մեջ փաթեթավորված նվերների հավաքածուներ են հայտնվում օծանելիքի խանութներում: Սակայն, հիշեք, որ նման հավաքածուները, երբ դրանց պարունակությունը չի երևում, կարող են ներառել նաև ոչ շատ բարձրորակ կոսմետիկա: Բացի այդ, գունեղ փաթեթավորման հաշվին խանութները բարձրացնում են նվերի արժեքը: Հետևաբար, նախքան նման նվերի համար վճարելը, մի մոռացեք համեմատել գները:
«Կարճ ժամանակով զեղչերը», որոնք կտևեն ընդամենը 1 կամ 2 օր». խանութների ցուցափեղկերին հայտնվող նման գովազդներն անբարեխիղճ վաճառողների սիրված հնարքներից են: Ահա թե քանի օր կգործի չափազանց լավ զեղչը: Արդյունքում, մարդը գայթակղվում է և գնում է այնպիսի ապրանք, որը շատ անհրաժեշտ չէ և միշտ չէ, որ որակյալ է: Եվ երբ մեկ ամիս անց նա գալիս է նույն խանութ, զարմանում է, երբ տեսնում է, որ զեղչը չի էլ ավարտվել: Ուստի պետք չէ կուրորեն վստահել «զեղչ՝ միայն մեկ օր» կամ «հավաքածուի լիկվիդացիա» հայտարարություններին:
Ինչպես կատարել անհրաժեշտ գնումներ՝ առանց ավելորդ ծախսերի.

1. Նախապես պատրաստվեք նախատոնական զեղչերին: Զեղչերի մեկնարկից առաջ ուշադիր ուսումնասիրեք շուկան, ընտրեք ձեզ անհրաժեշտ իրերը, կազմեք ընտրած իրերի ցուցակն` ըստ կարևորության (գներով), հստակ սահմանեք բյուջեն:
2. Նախքան գնումների դուրս գալը, գրեք, թե ում և ինչ նվեր եք նախատեսում գնել: Եվս մեկ անգամ ամեն ինչ մտածեք. եթե դա կենցաղային սարք է, արդյո՞ք այն ունի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները, եթե հագուստ է կամ կոշիկ, մտածեք՝ կկրեն արդյոք այն Նոր տարուն:
3. Եթե ձեզ հետաքրքեց ինչ-որ ապրանք, մի շտապեք գնել այն միանգամից, անցեք մյուս բաժիններով, իսկ հետո վերադարձեք և ընտրած ապրանքը ուսումնասիրեք թարմ աչքով: Եվ եթե ընտրած իրը ձեզ նույնքան գրավիչ թվա, ապա հանգիստ խղճով գնեք այն:
4. Եթե խոսքը թանկարժեք գնումների մասին է, ապա կրկին մի շտապեք, անգամ եթե գինը շատ գրավիչ է թվում: Մեծ թվով անիմաստ գնումներ պարզապես արվում են հախուռն` ագրեսիվ գովազդի ազդեցության տակ: Վաճառողների թակարդն ընկնելով՝ դուք կարող եք ոչ միայն զուր վատնել ձեր գումարը, այլև երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը:
5. Եթե խոսքը հագուստի մասին է, ապա չարժե գնել չափազանց մոդայիկ, ամենուր գովազդվող իր, քանի որ նման հագուստը շուտ է մոդայից դուրս գալիս: Ձեռք բերեք դասական իրեր, որոնք երկար պահանջված են լինելու: Եղեք շատ ուշադիր հենց գնման ժամանակ. եթե այսօրվա գինը ավելի ցածր է երեկվա գնից, ապա դա բավարար պատճառ չէ վճարելու համար:
6. Միշտ հիշեք, որ ձեր նպատակը զեղչերից շահույթ ունենալն ու գումար խնայելն է, ոչ թե այն անմտորեն ծախսելը: Եղեք խելամիտ և թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն: Մի կորցրեք վերահսկողությունը և մի տրվեք համատարած տրամադրություններին: Ոչինչ չպետք է շեղի ձեզ նպատակից՝ ոչ մրցանակները, ոչ գովազդային խոստումները: Ոչինչ չպետք է ստիպի ձեզ գնել անպետք իրեր կամ ծախսել նախատեսվածից ավելին:
7. Եթե զեղչերի ժամանակ վաճառքում տեսնում եք ընդունելի գնով իրեր, ապա դա նշանակում է, որ սովորական օրերին այդ խանութում գները չափազանց բարձր են, և շրջանցեք այդ խանութը: Հիշեք, որ դուք պարտավոր չեք գնել մի բան միայն այն պատճառով, որ բարեհամբյուր վաճառողը ձեզ տրամադրել է մի քանի րոպե իր թանկարժեք ժամանակից: Գնորդների հետ շփումն իր աշխատանքն է, որի համար նա վարձատրվում է:
8. Եվ հիշեք, որ ապրանքի զեղչը բավարար հիմք չէ այն գնելու համար: Ապրանքը գնելու առիթը բխում է դրա անհրաժեշտության աստիճանից: Դուք պետք է ոչ թե րոպեական բավականություն ստանաք, ինչը պայմանավորված է ցածր գնով, այլ վայելեք օգտակար և անհրաժեշտ իր ձեռք բերելու հաճույքը, որը վստահ եք՝ ձեզ երկար է ծառայելու:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–