ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բելգիայում բնակվող 9–ամյա հրաշամանուկ Լորան Սիմոնսը շուտով կստանա բակալավրի աստիճան էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով CNN–ին։
Լորան Սիմոնսի (Laurent Simons) ծնողները սկզբից չէին հավատում պապիկին և տատիկին, ովքեր պնդում էին, որ իրենց թոռնիկն ամեն ինչ շատ արագ է սովորում։ Երբ երեխան դպրոց գնաց, նրանք հասկացան, որ պապիկն ու տատիկը չէին չափազանցնում։ Դպրոցում ուսուցիչները տղային տալին էին տարբեր դասարանների թեստեր` նրա գիտելիքների խորությունը ստուգելու համար, և Լորանը գերազանց կերպով կատարում էր բոլոր առաջադրանքները։
Հիմա հրաշամանուկն էլեկտրատեխնիկա է ուսումնասիրում Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանում։ Լորանը դեկտեմբերին կստանա բակալավրի աստիճան։ Բուհի ղեկավարությունն աջակցում է տղային և թույլ է տվել նրան կազմել հատուկ դասացուցակ` ուսումն արագ ավարտելու համար։
Լորանը նախատեսում է ստանալ դոկտորական աստիճան էլեկտրատեխնիկայի գծով և ուսումնասիրել բժշկության ոլորտը։ Աշխարհի հեղինակավոր համալսարաններն առաջարկում են տղային սովորել իրենց մոտ, և Լորանը պետք է կողմնորոշվի` որտեղ է ցանկանում ստանալ դոկտորական աստիճանը։ Մինչ այդ նա արձակուրդները կանցկացնի Ճապոնիայում։
Չնայած հրաշք ունակություններին,
Լորանի ծնողները ձգտում են, որպեսզի տղան հասցնի հանգստանալ և վայելել կյանքը։ Տղան
սիրում է խաղալ իր շան հետ և ժամանակ անցկացնել` բջջային խաղեր խաղալով, ինչպես անում
են բազմաթիվ երեխաներ։–0–