ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ:
Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար:
«Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն: Ձերբակալվածների թիվը կհայտնվի լրացուցիչ», - նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Չորեքշաբթի երեկոյան ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտակայքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ շենքի մոտ հավաքված ցուցարարները պահանջեցին լուծել զինված խմբի անդամների սննդի հարցը։ Մասնավորապես, նրանք ուզում են, որպեսզի զինված խմբի անդամներին սնունդ տանեն ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։
Հինգշաբթի լուսադեմին ոստիկանությունը հաշված րոպեներում ցրեց ցուցարարներին Խորենացի փողոցից։ Գործողությունները սկսվեցին երկու զգուշացումից հետո։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում